Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները մարտական գործողությունից առաջ թռուցիկներ են տարածում, որոնցում ահաբեկիչներին առաջարկվում է վայր դնել զենքը, իսկ խաղաղ բնակիչներին՝ լքել բնակավայրը, որտեղ պետք է սկսվի սիրիական զորքերի լայնածավալ ռազմական գործողությունը։ Թռուցիկներ են տարածվել Համա նահանգի հարավում՝ Ռաստան և Տալբիսի բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Տարածվում է երկու տեսակի թռուցիկ։ Խաղաղ բնակիչներին առաջարկվում է անվտանգ կերպով անցնել սիրիական բանակի անցակետերը, ստանալ բուժօգնություն և սնունդ։ «Համագործակցե՛ք սիրիական բանակի հետ և լքե՛ք մարտական գործողությունների գոտին՝ հանուն սեփական կյանքի պահպանման»,- գրված է խաղաղ բնակիչներին ուղղված թռուցիկում։
Երկրորդ թռուցիկում ահաբեկիչների կողմն անցնողներին առաջարկվում է վայր դնել զենքն ու հրաժարվել բանակին դիմակայելուց։