Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հակառակորդի հրթիռակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայող 20-ամյա Ռոբերտ Մկրտչյանը միայնակ մոր միակ զավակն էր: Վերջինս բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ Երևանից:
«5 օր առաջ եմ խոսել երեխուս հետ, ասեց մամ ջան, լավ ա ամեն ինչ, ծառայում եմ, իսկ այսօր լսում եմ շատ վատ լուր: Ռոբերտս թոքերի հիվանդ էր, բայց ասեց պիտի ծառայեմ:»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեկեկալով պատմում էր Ռոբերտի մայրը՝ Արմենուհի Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր: