Եվրահանձնաժողովը չի բացառում Շենգենյան օրենսգրքում նոր փոփոխություններ անելու հնարավորությունը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներքին քաղաքականության և միգրացիայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Սահմանների մասին Շենգենյան օրենսդրությունը մի քանի անգամ վերանայվել է՝ այն ավելի հուսալի դարձնելու նպատակով: Մենք ներդրել ենք բացառիկ հանգամանքներում՝ ահաբեկչական հարձակումների և այլն, վերահսկողության վերականգնման հնարավորություն: Երբեք չի կարելի բացառել, որ կարող են հետագա փոփոխություններ պահանջվել, բայց սկզբունքը նույնն է մնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բերտոն:
Նա նշել է, որ 2013թ. կանոնների վերանայումն անդամ երկրներին հնարավորություն է տվել վերականգնել վերահսկողությունը սահմաններին՝ ինչպես սպասելի, այնպես էլ չնախատեսված հանգամանքներում:
Շենգենյան օրենսգրքի վերանայման հնարավորության մասին հայտարարությունները սկսել են հնչել աննախադեպ միգրացիոն ճգնաժամի պայմաններում, որին բախվում է ԵՄ-ն, և Ամստերդամից Փարիզ ընթացող գնացքի ուղևորների վրա հարձակումից հետո: