ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի` այս տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման շուրջ 140 դեպք. նշանակված տուգանքի ընդհանուր չափն էլ գերազանցել է 25մլն դրամը: «Էրեբունիի հարկային տեսչության աշխատակիցների կողմից ՀԴՄ պարտադիր կիրառման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների ՀԴՄ-ների օրական ֆիսկալային հաշվետվությունների վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից որդեգրվել էր մի աշխատելաոճ` ոչ աշխատանքային ժամերին և օրերին սպառողներին ՀԴՄ կտրոն չտրամադրել: Օրենքի դրույթները խախտելն ու սպառողներին ՀԴՄ կտրոն չտրամադրելը նշանակում են խուսափել հարկային մարմնին իրացման շրջանառության իրական ծավալները ներկայացնելուց: Խնդրին լուծում տալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հանձնարարվեց` որոշ հարկային ծառայողների համար ոչ աշխատանքային օրերն ու ժամերը հայտարարել աշխատանքային, կատարել լրացուցիչ ստուգայցեր: Դրանց արդյունքում Էրեբունու հարկայինը որոշ տնտեսվարողների մոտ մի շարք խախտումներ է հայտնաբերել, կազմել ստուգման ակտեր»,- նշված է այդ հայտարարության մեջ: