Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն օգոստոսի 30-ին կարճատև չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան՝ հանդիպելու այդ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի և աֆղանական կառավարության անդամների հետ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Անվտանգության նկատառումներով՝ Աֆղանստան Շտայնմայերի այցը գաղտնի է պահվել մինչև Քաբուլում նրա ինքնաթիռի վայրէջքը:
Այցի սկզբում գերմանացի նախարարն ազգային հաշտեցումն անվանել է Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցման միակ խելամիտ ճանապարհը:
«Եզակի հնարավորությունը, որը տրվել է սկսված խաղաղ բանակցություններով, չպետք է բաց թողնվի»,- նշել է նախարարը:
Շտայնմայերը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Քաբուլին նաև Հինդուկուշից բունդեսվերի վերջին զորամասերի դուրսբերումից հետո: «Աֆղանստանի ժողովուրդը կարող է համերաշխություն ակնկալել Գերմանիայի կողմից»,- նշել է նա: