Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում կրկին ներկայացված են լինելու իշխող կուսակցության բոլոր առանցքային անդամներն ու նախագահ Ալիևի հարազատները:
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ով առաջադրվել էր Բաքվի կենտրոնում գտնվող ընտրատարածքներից մեկում, ստացել է ընտրողների քվեների 94 տոկոսը: Ալիևի մեկ այլ մերձավոր ազգական, Նախիջեւանի ինքնավարության վարչակազմի ղեկավար Վասիֆ Թալիբովը Սադարակի ընտրատարածքում հավաքել է քվեների մոտ 90 տոկոսը:
Միլի մեջլիսում որպես անկախ պատգամավորներ կաշխատեն նախկին ընդդիմադիրներ, այժմ արդեն իշխանությունների հետ բավական սերտորեն համագործակցող քաղաքագետներ Ռասիմ Մուսաբեկովն ու Ասիմ Մոլազադեն:
Նոր գումարման Միլի մեջլիսում ընդգրկված կլինի նաեւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան: Սումգայիթում գտնվող ընտրատարածքում 74-ամյա երգչուհին ստացել է ընտրողների քվեների մոտ 65 տոկոսը: