Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Ամուսինը կնոջը կանչել է «ցիվիլ» ամուսնալուծության մասին խոսելու և դանակի 14 հարվածով սպանել է նրան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Էդիկ Ա.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա Էդիկ Ա.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Էդիկի կինն էր՝ Մելանյան:

Տուժողի իրավահաջորդը Էդիկի 20-ամյա դուստրն է, ով հորը չի ներում կատարվածի համար…

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 15-ի սահմաններում Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ա.-ն կնոջը սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ՝ մոտ 14 հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և սպանել է:

Ապա Էդիկը նույն դանակով ինքն իրեն է վնասել, բնակարանի դուռն էլ ներսից բանալիով փակել է: Դուռը բացել են փրկարարները: Կինն անկենդան ընկած էր հատակին, իսկ Էդիկը նստած էր բազկաթոռին՝ողջ, ինքն իրեն հասցրած վնասվածքներով…

Էդիկն ընդունում է, որ տուժողը մահացել է իր հարվածներից, բայց չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, թե դիտավորյալ սպանություն չի կատարել:

Դատարանը հարցաքննեց վկաներին՝ Էդիկի չորս քույրերից երկուսին և սպանված Մելանյայի քրոջը:

Էդիկի քույրերից մեկն ասաց, թե եղբայրն իրեն պատմել է, որ իր և կնոջ միջև առաջացած վեճի ժամանակ կինը սեղանից վերցրել է դանակը ու սկսել է հարվածել իրեն: Ինքը չի հավատացել, որ կինը կարող է իրեն դանակահարել, առաջին հարվածից հետո նույնիսկ առաջ է գնացել, բայց կինը շարունակել է խփել: Կրծքին հասցված երրորդ հարվածից երևի վնասվել է թոքը, ուժեղ ֆշշոց է լսվել, այդ ձայնից նույնիսկ կինն է վախեցել ու սաստիկ գունատվել է:

Հետո Մելանյան վազել է դեպի դուռը, որ բնակարանից փախչի, բայց դանակի երեք հարվածներից թուլացած Էդիկը կարողացել է հետապնդել կնոջը, մուտքի դռան մոտից նրան հետ քաշել, այդ ժամանակ կողքին ստանալ նաև դանակի չորրորդ հարվածը ու միայն դրանից հետո մեծ դժվարությամբ տուժողի ձեռքից խլել է դանակը:

Վկան ասաց, թե իր հարս Մելանյան «մանրակազմ, բայց շատ ճկուն էր… նա շատ սթրեսային կին էր… Ես նրան շատ եմ ուղղություն ցույց տվել, բայց նա միշտ իր մտքինն է արել… Ասել է՝ բաժանվում եմ, ես էլ ասել եմ՝ նշանված աղջիկ ունես, ի՞նչ պատասխան պիտի տաս խնամիներիդ, փեսայիդ, տղայիդ, որ բանակ է գնում, էգոիստություն մի արեք, ապրեք միասին… Մելանյան ասեց՝ ես Էդոյի հետ չեմ ապրելու…»:

Վկան ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչպես է Մելանյան դանակով հարվածներ հասցրել խեղճ Էդիկին, վերջինս ինչպես է թուլացել…

Էդիկի հասցրած հարվածների ու կատարած սպանության մասին քույրը փորձում էր չխոսել. «Հետո՞, էդ վիճակից հետո ի՞նչ պիտի լիներ, Էդիկը խփել ա երևի՝ մեկ-երկու հարված, ինքն ասել ա՝ երկու-երեք հարված է հասցրել ու վատացել է, Մելանյան էլ գնացել ու նստել է հյուրասենյակում… Էդիկն ասել է, թե պատերը բռնելով՝ գնացել, խալադելնիկից ջուր է խմել, էդ ժամանակ բնակարանի մուտքի դուռը դեռ բաց է եղել: Հետո է Էդիկը մտածել, որ որդին չգա ու իրենց էդպես չտեսնի, գնացել ու փակել է դուռը: Հետո թևը կապել ա ու իրա վեննեն կտրել ա, իրա աչքին էլ ոչ մի բան չի էկել…»:

Սպանության պատճառի մասին վկան ասաց. «Էդոն ասում էր՝ Մելանյան ինձ բանի տեղ չի դնում, չի հարգում… Դեպքից մի քանի ամիս առաջ Մելանյան զանգեց մեր տուն, անեծքներ տվեց ու ասաց. «Արեք ձեր անասունին տարեք…»: Մելանյան ոնց որոշում, իրենն էր անում… Էդոն ասում էր՝ նա ինձ չի ծառայում որպես կին…»:

Վկան անցավ սեփական օրինակին. «Էսօր ես ինչքան էլ հոգնած լինեմ, իրիկունը իրիկուն ա մնում, մտնում եմ անկողին… Բա իմ եղբայրը ջահել տղամարդ ա, կինը չի ծառայել նրան… Չեմ կարա ասեմ՝ կինը դավաճանել ա Էդոյին, թե չէ, բայց ամուսնու հանդեպ նրա անտարբերությունն ա նրանց հասցրել էստեղ: Ամիսներ շարունակ, տարիներ շարունակ նա որպես կին չի ծառայել ամուսնուն, ո՞նց կարելի ա… Էդոն ասում էր՝ Մելանյայի անտարբերությունը ինձ տանում ա դեպի կասկած: Նա ամեն օր զուգվում-զարդարվում ա, ո՞ւր ա գնում… 23 տարվա ամուսիններ էին, ու նա ամուսնուն ասում էր՝ գիշերները ձեռդ ինձ չկպնի, կոֆե անգամ չէր տալիս… Բայց ժամանակին շատ սիրով են եղել, ինձ համար մութ ա մնացել՝ ինչի՞ փոխվեց Մելանյան…»:

Ամուսնական կյանքի սկզբում, ըստ վկայի, կոնֆլիկտներ են եղել Մելանյայի ու իրենց մոր միջև: Մելանյան ու ամուսինը գնացել են վարձով ապրելու. «Մելանյայի պայքարն էն էր, որ գնան առանձին ապրեն… Թող ստեղծեր, բարգավաճեին, թող յոլա տաներ…»:

Էդիկը սկզբում աշխատել է տոնավաճառներում՝ ջինսե շալվարներ է վաճառել, բայց հետո «տակ է տվել», հայրական տունը գրավ է դրել, որ տոկոսները վճարի, հետո այդ տունը չկորցնելու համար վաճառել են, գնել են երկու սենյականոց բնակարան Էրեբունիում:

Վերջին հինգ տարիներին Էդիկը աշխատանք չի ունեցել. «Բայց էնպես չէր, որ սովամահ էին լինում, թող յոլա տաներ, եկեղեցիում երդվել էին… Իմ եղբայրը ավարտած-խելացի մարդ է, էլ տեղ չմնաց, որ գործ չփնտրեր: Բուքմեյքերական գրասենյակում էր աշխատանք գտել… Էդոն ամեն ինչով նվիրված ա էղել, նա ո՛չ խմող էր, ո՛չ նարկոման… Ճիշտ է, գումարները բանկից իմ եղբայրն է վերցրել, իր բիզնեսի համար է ծախսել, բայց դա իրենց ընտանիքի համար էր, անհաջողություններին պիտի դիմանային…»:

Վերջին շրջանում աշխատել, տունը պահել են Մելանյան ու դուստրը: Մելանյան, ըստ վկայի, օրական փող է տվել Էդիկին ու ասել է՝ 200 դրամ եմ տալիս, կամ հաց առ կամ պապիրուս, Էդիկը դրանից նեղվել է, իսկ երբ վկան հարսին դիտողություն է արել եղբորը նվաստացնելու համար, Մելանյան ասել է՝ լավ եմ անում…

Վկան ասաց, թե Մելանյան ընտանեկան վեճերի ժամանակ հայհոյել է Էդիկին, սպառնացել է՝ դանակը սիրտդ կկոխեմ:

Վկան համոզված ասաց, թե Մելանյան «ընդունակ էր ամուսնուն դանակով խփելու, նա ներվերի համար քանի տարի առաջ սրսկվում էր… Դուք իմ եղբոր պատմությունը չեք պատկերացնում…»:

Վկան նշեց, թե ինքը, դեպքի վայր մտնելով, Մելանյայի մարմնի վրա արյուն չի տեսել, իսկ երբ քրեական գործի լուսանկարչական հավելվածից վկային ցուցադրվեցին տուժողի արնաշաղախ մարմնի լուսանկարները, վկան դարձյալ պնդեց, թե ինքը արյունը… չի նկատել…

Ըստ վկայի՝ Էդոյի թևերը «ծվատված էին, հերթական ընտանեկան վեճի ժամանակ կինն ու աղջիկը հասել էին վրեն…»:

Ամբաստանյալի քույրերը այնպես էին ցուցմունք տալիս, ասես ամուսնալուծության գործ էր քննվում, իրենք էլ գովերգում էին իրենց եղբորը, ով միայն տառապել էր «սթրեսային» կնոջ կողքին ապրելով: Նրանք ասես բոլորովին չէին էլ հիշում, որ խոսքը դանակի բազմաթիվ հարվածներով սպանված կնոջ մասին է, ով եղել էր իրենց եղբոր քսաներեք տարվա կինը, նրա երկու երեխաների մայրը: Ընդ որում՝ երեխաները, ովքեր ապրել են ընտանիքի ներսում, հորը չեն ներում…

Ամբաստանյալի մյուս քույրը նույն ոգով ցուցմունք տվեց՝ քննադատելով սպանված կնոջը ու արդարացնելով ամբաստանյալի տեղում նստած եղբորը:

Ըստ այս վկայի՝ ինքն էր հավանել Մելանյային ու «կամ էր տեսել», որ նա ամուսնանա իրենց եղբոր հետ:

Վկան ասաց, թե Մելանյան ու նրա հարազատները երեխաներին դաստիարակել են «հորքուրամետ», այսինքն ուզում էր ասել՝ ընդդեմ չորս հորքուրների…

«Մելանյան քսան տարվա հարսս էր, ես չեմ ասել՝ աչքիդ վերևը ունք կա… Մելանյայի ծնողները լավ վիճակում էին, բայց չօգնեցին եղբորս, երբ նա նյութական վատ վիճակում էր…

Հայաստանում տղամարդկանց իննսուն տոկոսը չի աշխատում, դա կարելի՞ ա դարձնել բաժանվելու պատճառ»,- ասաց վկան:

Նա ներկայացրեց, որ մի գիշեր եղբայրը զանգել է իրեն ու բողոքել է. «Չգիտեմ՝ կին ունե՞մ, թե՞ չէ… Պատճառը սեռական հարաբերությունն էր, Մելանյան մոտ չէր թողնում Էդիկին, կամ աղջկա ծոցն էր քնում, կամ վերմակով փաթաթվում էր ու ասում էր՝ մոտ չգաս, ասում էր՝ զզվում եմ, ասում էր՝ արի քուր-եղբայր մնանք…»:

Ընտանեկան մի վեճի ժամանակ, երբ չափահաս դուստրը միջամտել ու պաշտպանել էր մայրիկին, Էդիկն ապտակել էր նրան: Ըստ վկայի՝ այդ ապտակը «եղավ աղջկա կողմից հորն ուրանալու պատճառ… Մի անգամ աղջիկը նույնիսկ մորն ասել է՝ ես զարմանում եմ սրա՝ Էդոյի, ի՞նչն ես հավանել, որ ամուսնացել ես հետը… Երեխաների ականջին անընդհատ բզզացրել են հոր դեմ…»:

Վկան նույնիսկ օրինակ բերեց… Լենինին ու Ստալինին. եթե ինքը անընդհատ լսել է, որ Լենինը լավն էր, Ստալինը՝ վատը, կարո՞ղ էր Ստալինին սիրել ու Լենինին չսիրել…

Ըստ վկայի՝ Մելանյան ու Էդիկը ընտանիքում վիճում էին, Մելանյան դա «հայոց հարցն էր սարքում, բոլորին խառնում էր իրար…»:

Այս վկան հպանցիկ ասաց. «Մելանյան մեր քսան տարվա հարսն ա էղել, մենք ցավում էինք կատարվածի համար, չենք ուրախացել, մեր եղբայրն էլ էս վիճակում է…»:

Դատապարտյալների հիվանդանոցում այցելել են իրենց եղբորը, ասել են՝ ի՞նչ ես արել Էդո, անաստվա՛ծ, բայց Էդոն պառկած է եղել հայացքը վեր ու չի պատասխանել…
Դեպքից մեկ ամիս առաջ Մելանյան դստեր հետ հեռացել էր տնից, գնացել էր քրոջ տուն: Դեպքի օրը նա ամուսնու տուն է եկել Էդիկի կանչելով: Նրանց որդին էլ տանն է եղել, միասին սուրճ են խմել, որդին կարծել է, թե հայրն ու մայրը կարող են հաշտվել, տնից դուրս է եկել, նրանց մենակ է թողել… Բայց հաշտության փոխարեն տեղի է ունեցել սպանությունը…

Էդիկը Մելանյային այդ օրը կանչել էր, որ խոսեն ու որոշեն, թե ինչպես են «ցիվիլ կերպով» ամուսնալուծվում:

Բայց «ցիվիլի» փոխարեն դանակ էր դրել սեղանին ու կնոջից պահանջել էր ճիշտն ասել՝ ո՞վ է եղել նրա կյանքում, քանի՞ անգամ է կինը դավաճանել…

Ամբաստանյալին տանջել է խանդը, տանջել են կասկածները, որոնց իսկությունը նա չէր ստուգել: Իսկ վկայի խոսքով՝ իր եղբայրը «իդեալական մարդ ա էղել… Էդոն կյանքում սուտ չի խոսացել»:

Վկան ասաց, թե արդեն կարևոր չի՝ էդիկը կնոջը մե՞կ, թե՞ տասնչորս հարված է հասցրել:

Վկան քննադատեց սպանված հարսին. «Նա կարող էր տնտեսել, բայց չի տնտեսել, բռնկուն կին էր, նիհար էր, բայց քաշը կապ չունի, նա շատ ուժեղ էր… Իսկ իմ եղբայրը հարմարվող ու հանգիստ մարդ է»:

Ըստ վկայի՝ Էդիկը վերջին խոսակցության ժամանակ սեղանին դանակ է դրել, որ Մելանյային վախեցնի ու խոստովանեցնի. «Նրան շատ էր սիրում, խանդում էր…»:

Ամբաստանյալի քույրերի ցուցմունքներին հակադիր ցուցմունք տվեց սպանված կնոջ քույրը: Նա ասաց, թե վերջին շրջանում քույրն ու Էդիկը հաճախ են վիճաբանել: Մի անգամ, երբ նրանց չափահաս դուստրը փորձել է միջամտել, պաշտպանել մորը, հայրը ապտակել է նրան, հարվածներ է հասցրել: Նրանց որդին իմացել ու հորն ասել է. «Էսօրվա դրությամբ մեր քրոջը բան ասողին մենք պիտի կարգի հրավիրեինք, բայց դո՞ւ ես նրան ծեծում»:

Նշանված աղջիկը հոր հարվածներից հետո մարմնին կապտուկներ ուներ, ամաչում էր տնից դուրս գալ…

Վկան ասաց, թե քույրը աշխատել է հրուշակեղենի արտադրամասում, իսկ Էդիկը անհիմն խանդել է նրան, մեղադրել: Էդիկը աշխատանք է գտել բուքմեյքերական գրասենյակում, բայց սկսել է խաղադրույքներ կատարել ու 400 հազար դրամ է տանուլ տվել: Նրան ժամանակ են տվել, որ այդ պարտքը մարի: Էդիկը պահանջել է, որ կնոջ ծնողները, հարազատները գումար ուղարկեն ու շատ զայրացել է, երբ նրանք դա չեն արել: Այդ գումարը ի վերջո նրան տվել է նրա քույրը:

Վկան ասաց, թե քույրը վախենում էր Էդիկի հետ հանդիպելուց, բայց ստիպված էր գնում նրա հետ հանդիպման՝ վախենալով իր հարազատների անվտանգության համար: Նա մի անգամ Էդիկի հետ հանդիպման գնալուց առաջ զգուշացրել է՝ եթե ուշանա, ոստիկանություն ահազանգեն: Տան հասցեն է ասել, բնակարանի համարը: Երբ այդ օրվա հանդիպումից վերադարձել է՝ ծիծաղելով ասել է՝ էսօր էլ պրծա…

Էդիկը «ցիվիլ» ամուսնալուծվելու տարբերակներ է առաջարկել՝ զագսով բաժանվեն, դատարանով բաժանվեն, տունը վաճառեն, որդու համար մի բնակարան գնեն և այլն:

Ըստ վկայի՝ Էդիկի քույրերը լուրջ ազդեցություն են ունեցել նրա ընտանիքի քայքայման, Էդիկի արարքի վրա: Քույրերը, վկայի խոսքերով, ասել են Մելանյային. «Դուք թողեք, գնացեք, մենք մեր ախպորը վարդի նման կպահենք»: Ասել են, թե կինը «ֆռռացել է Էդոյի վրա ու հեռացել է…»:

Էդիկը պահանջել է, որ Մելանյան խոսելու գնա նրա տուն դեպքի օրվա նախորդ օրը: Այդ օրը Մելանյան չի գնացել: Էդիկը նրան կանչել է հաջորդ օրը՝ ժամը 14-ից 16-ի միջակայքում, այդ ժամերին տանը մարդ չի լինում…

«Քույրս վախենում էր այդ հանդիպումից: Ժամը մեկի սահմաններում ասաց՝ ո՜նց չեմ ուզում գնամ, բայց չեմ կարա չգնամ… Տանից ուզում էր դուրս գալ ժամը 14-ի սահմաններում, հասավ դռանը, սումկի կանթը կտրվեց, հետ էկավ, սումկեն փոխեց, ժպտալով ասաց՝ սա՞ ինչի պոկվեց…»:

Ըստ վկայի՝ իր քույրը շատ համեստ էր, դյուրագրգիռ չէր, նա ընդունակ չէր դանակով հարվածներ հասցնելու: Նա չափից դուրս վախենում էր, որ իր պատճառով հարազատները հանկարծ չտուժեն… Ամուսնուն սիրում էր, Էդիկին ասում էր՝ եթե ուզում ես բաժանվել, դիմի դատարան: էդիկն էլ ասում էր՝ եթե ես առաջինը դիմեմ, կասեն՝ կինը անբարոյական է, ես ուզում եմ ցիվիլ ձևով բաժանվեմ…»:

Վկան ասաց, թե ամբաստանյալի որդին, որ հիմա զինծառայության մեջ է, մոր գերեզմանի մոտ ասել է, թե ինքը հայր չունի:

Դեպքի օրը նա տանն է եղել, բայց հայրը արտաքուստ իրեն հանգիստ է պահել, այնպես է արել, որ տղան հանգստանա ու տանից դուրս գա: Վկան զանգել է տղային ու անհանգստացել է, որ նա տանից դուրս է եկել, Մելանյային ու Էդիկին թողել է առանձին: Տղան ուրախ-ուրախ ասել է. «Մի անհանգստանա, ամեն բան նորմալ է»: Վկան ասաց, թե տղայի տոնից ինքը անգամ նրա աչքերի ուրախ փայլն է տեսել: Տղան մտածել է, թե ծնողները կհաշտվեն, բայց ժամեր անց իմացել է մոր սպանության մասին…

Վկան ասաց նաև, թե Էդիկը Մելանյային խանդել է, նրանից պահանջել է, որ նա էլ չաշխատի, տանը նստի, թող նրա ծնողները իրենց պահեն…

Ամբաստանյալը ակտիվ արձագանքում էր այս վկայի ու սպանված կնոջ հարազատների բոլոր ասածներին:

Վերջում ամբաստանյալը հանդես եկավ միջնորդությամբ, որով հաստատեց, որ մինչև օրս էլ խանդում է սպանված կնոջը: Ամբաստանյալը միջնորդեց, որ դատարանը պահանջի ու ստանա կնոջ և իրենց բնակարանի հեռախոսահամարների ելքային ու մուտքային զանգերի վերծանումները, ինչը նախաքննական մարմինը չի կատարել: «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կինս անհավատարիմ է եղել, հեռախոսային կապի մեջ է եղել այլ տղամարդկանց հետ… Ուզում եմ իրականությունը պարզել իմ երեխաների, մեր հարազատների համար…»:

Ամբաստանյալը փորձում էր դատարանի միջոցով իր սպանված կնոջը մեղադրել անհավատարմության համար, ապացուցել, թե տեղին է խանդել…

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ: Դատարանը մերժեց միջնորդությունը. «Դրանք ամբաստանյալի անձնական չփարատված կասկածներն են»:

Նախագահողը ամբաստանյալին ասաց. «Արարքը կատարելուց առաջ ստուգեիք…»:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 29-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում