Նավթի համաշխարհային շուկան հաջորդ տարի կլինի ավելի հավասարակշռված՝ շնորհիվ Չինաստանում ռեսուրսի պահանջարկի աճի և Հյուսիսային Ամերիկայում թերթաքարային նավթի արտադրության դանդաղման։ Այս մասին հայտնում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) ՝փոխանցում է BBC-ն։
«Իրավիճակը համաշխարհային տնտեսությունում, հատկապես զարգացող շուկաներում, կնպաստի հաջորդ տարի պահանջարկի աճին»,- ասվում է ՕՊԵԿ-ի ամենամսյա զեկույցում։
2016-ին նավթի սպառումը կաճի օրական 1.34 մլն բարելով՝ ընթացիկ տարվա 1.28 մլն բարել աճի համեմատ։ «Դա ենթադրում է շարժ դեպի ավելի հավասարակշռված շուկա»,- նշել են մասնագետները։
2016-ի առաջին եռամսյակում, ինչպես սպասում են կազմակերպության վերլուծաբանները, համաշխարհային պահանջարկը կարող է կազմել օրական 93.13 մլն բարել։
Կազմակերպությունը միավորում է 12 երկրների, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային արտահանման կեսը։