Կալիֆոռնիայից 44-ամյա կինը դարձել է առաջին մարդն աշխարհում, որին ամբողջովին արհեստական սրտի փորձարարական մոդել են փոխպատվաստել՝ նախատեսված երեխաներին և դեռահասներին փոխպատվաստելու համար: Վիրահատության շնորհիվ հիվանդը կարողացել է ապրել մինչև դոնորական առողջ սիրտ ստանալը: Բժիշկների ձեռքբերման մասին մանրամասն կարելի է իմանալ Կալիֆոռնիայի համալսարանի կայքում, որի մասնագետները մասնակցել են վիրահատությանը:
Ամբողջովին արհեստական սիրտը սարք է, որը կարող է փոխարինել անբուժելի սրտին: Ներկայումս ամբողջովին արհեստական սիրտն օգտագործվում է որպես ժամանակավոր միջոց, որը մարդուն հնարավորություն է տալիս ապրել մինչև դոնորական օրգանի փոխպատվաստում:
Մեծահասակների համար նախատեսված ամբողջովին արհեստական սրտի ստանդարտ մոդելը չափերով հարմար չի եղել 44-ամյա կնոջ համար, և բժիշկները որոշել են դիմել երեխաների և դեռահասների համար նախատեսված փորձարարական օրգանին: Բժիշկները պնդում են, որ իրենց կատարած վիրահատությունը յուրահատուկ է, իսկ սրտի փորձարարական նմուշը շուտով պաշտոնապես օգտագործման թույլտվություն կստանա: