Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի ժողովրդական կուսակցության սկզբունքային դիրքորոշման համար: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. մարտի 3-ին ԵԺԿ-ի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևին Եվրոպական խոշորագույն քաղաքական ուժի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Եվրոպայում ընթացող գործընթացների շուրջ։
Զրուցակիցները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է արվել մերձավորարևելյան զարգացումներին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։