Ամեն օր «Ֆայլաբազար»-ում աշխատանքի սպասող բանվորների թիվը ավելանում է, փոխարենը՝ բանվորների, արհեստավորների, փականագործների ծառայությունից օգտվող հաճախորդների թիվը պակասում: Վաղ առավոտից մինչ գիշեր «Ֆայլաբազար»-ում կանգնում են ու սպասում՝ գուցե բախտը ժպտա, և այդ օրը կարողանան գոնե 2000-3000 դրամի որևէ գործ կատարել:
«Օրերով գործ չի լինում, լինելու դեպքում էլ՝ լավ փող չեն տալիս, ի վիճակի չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին արհեստավորները:
Այստեղ հիմնականում թոշակառուներ են, որոնք չեն կարողանում ստացած թոշակով ընտանիք պահել, երեխաներն էլ արտագաղթել են, օգնող ձեռք չունեն. «Էդ տված թոշակով կոմունալներն ենք հազիվ մուծում, շատ վատ վիճակ է, ստեղ էլ գործ չկա, չգիտենք ինչ անենք»,- նշեցին նրանք:
Այստեղ կային նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ, որոնք հաշմանդամության կարգ ունեն, բայց պետության տված գումարով ապրել չեն կարող, չնայած ծանր գործը հակացուցված է, բայց ընտանիքը պահելու այլ միջոց չկա:
«Ֆայլաբազար»-ում մարդկանց երեսին ժպիտ չկա, եթե մեկ ավտոմեքենա է կանգնում կամ մարդ մոտենում, բոլորով միմյանց հերթ չտալով փորձում են իրենց ծառայությունն առաջարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: