« Մոտենալով Զաբուխին՝ մենք տեսանք, որ զինվորական ոստիկանական պոստ էր դրված, որից մոտ 300 մետր ներքև բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով, դեմքները փակած մարդիկ էին երևում: Երբ մոտեցանք պոստին, պոստը փակել էին ոստիկանական մեքենաներով, իսկ ոստիկանները կանգնած էին՝ զինված մահակներով, ավտոմատներով: Բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով դիպուկահարներ էին կանգնած: Ավտոշարասյունը կանգնեց, և Ժիրայր Սեֆիլյանը մոտեցավ մի գնդապետի, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան: Գնդապետն ասաց, որ հետ դառնանք, քանի որ իրենք արգելելու են առաջ շարժվել: Երբ Ժիրայրը շրջվեց, որ գա ավտոմեքենայի մոտ, առանց որևէ զգուշացման հարձակվեցին Ժիրայրի վրա, ու սկսվեց մահակներով ծեծը: Եվ այս ամեն ինչը ուղղորդվում էր դեպի օդ կրակոցներով: Իսկ ոստիկաններին «ֆաս» հրահանգը տվել էին մեքենաների վրա, ու նրանք ջարդում էին՝ ինչպես պատահի»,- forrights.am-ին պատմել է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ականատեսն է եղել վայրագ հարձակմանը:
Հարձակման ժամանակ մեքենաների մի մասը չի կարողացել պտտվել, որպեսզի հետ դառնան և ընկել ծուղակի մեջ: Ծեծվողների գրպաններից գումար, հեռախոսներ ու փաստաթղթեր են վերցրել:
«Սա բանդիտական հարձակում էր: Բացի այդ, ծեծվողների մեջ են եղել նաև լրագրողներ, երեխաներ, մենք նրանց տեղում օգնություն ենք ցուցաբերել: Հարվածներ են հասցրել նաև Ժիրայրի կնոջը և երկու երեխաներին»,-պատմում է Արա Խուդավերդյանը:
Գնահատելով կատարվածը՝ ազատամարտիկը ասաց.
«Եթե քաղաքական տեսանկյունից նայես, ոնց որ ղարաբաղյան ներկայացուցչությունը ցույց տվեց, որ սահմանագիծ ունի Հայաստանի հետ, որ Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Ղարաբաղ»։
Ընդամենը ժամեր անց մեկ այլ հաղորդագրությամբ Հիմնադիր Խորհրդարանը հայտնեց՝ «Դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի ենթարկել, կոտրել մեքենաները և դրոշները»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում