Apple Watch «խելացի» ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի ընթացիկ տարվա ապրիլին։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։
Ամերիկյան կորպորացիան Apple Watch-ը ներկայացրել է 2014-ի սեպտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ վաճառքը կմեկնարկի 2015-ի սկզբին։
Կուկի խոսքով՝ ինքը շատ մեծ սպասումներ ունի և անձամբ սարքն օգտագործում է ամեն օր, պաշտում է այն և չի պատկերացնում իր կյանքն առանց դրա։
Առաջին խմբաքանակում կլինի 3-5 մլն սարք, իսկ 2015 թվականի համար ընկերությունը մատակարարներին 24 մլն սարք է պատվիրել։
Ժամացույցները հասանելի կլինեն երեք մոդիֆիկացիաներով՝ Apple Watch Sport, որը կունենա պաշտպանություն փոշուց և խոնավությունից, Apple Watch՝ պողպատի կորպուսով և շափյուղայի ապակիով, Apple Watch Edition՝ ոսկեգույն կորպուսով և շափյուղայի ապակիով։ Ժամացույցները հասանելի կլինեն 38 և 42 մմ անկյունագծային էկրաններով։