Գլենդելաբնակ երկու հայազգի տղամարդ չորեքշաբթի անձնական տվյալների գողության և դեբետային քարտերի հետ կապված խարդախությունների կասկածանքով ձերբակալվել են: Ձերբակալությունը կատարվել է այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները տեղի բենզալցակայանում կասկածելի թվացող գործարքի ականատեսն են դարձել: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Նշվում է, որ նրանց ապօրինի գործունեությունը զոհերին արժեցել է 7100 դոլար:
Խոսքը 53-ամյա Հովիկ Մուրադյանի և 31-ամյա Արման Սարգսյանի մասին է: Բենզալցակայանում Հովիկն ինչ-որ բան է հանձնել Արմանին: Ոստիկանության աշխատողներին հետաքրքրել է փոխանցվող օբյեկտի էությունը: Պարզվել է՝ պայուսակում եղել է 7100 դոլար կանխիկ գումար՝ բանկոմատի 40 անդորրագրերով:
Նրանց մեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաշեն քարտեր, որոնք կապված են եղել այլ մարդկանց հաշիվների հետ:
Անդորրագրերից պարզ է դառնում, որ ողջ գումարը դուրս է բերվել այս շաբաթ:
Նրանցից յուրաքանչյուրն ազատ արձակվելու դիմաց վճարել է 50 հազար դոլար գրավ:
Լուսանկարում՝ Արման Սարգսյանը և ձախից՝ Հովիկ Մուրադյանը: