ՀԱՊԿ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, սակայն ներկա իրավիճակում դա անհնար է դարձել, RIA Novosti-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Համագործակցությունը հանգում է զրոյի, այն զրոյի վրա էր, իսկ այն գործողություններից հետո, որոնք ձեռնարկեց ՆԱՏՕ-ն, նրանց հայտարարություններն այն մասին, որ դադարեցվի համագործակցությունը Ռուսաստանի հետ, դա ընդհանրապես անհնարին դարձավ։ Ավելին, եթե մենք նախկինում ՆԱՏՕ-ին համագործակցության ինչ-ինչ ձևեր էինք առաջարկում կոնկրետ խնդիրների շուրջ, օրինակ՝ թմրանյութերի և Աֆղանստանի հարցով, հիմա մենք աննպատակահարմար ենք համարում նրանց հետ փոխազդեցության թեմայով որևէ խոսակցություն, քանզի դա հնարավոր չէ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն կտրականապես հրաժարվում է համագործակցել ՌԴ-ի հետ»,- նշել է Բորդյուժան։
Միաժամանակ, նրա խոսքով, ՀԱՊԿ-ը «պատրաստ է համագործակցության ցանկացած տեսակի», այդ թվում՝ հակաահաբեկչական և հակաթմրանյութային, Աֆղանստանի խնդրի շուրջ, բայց միայն մի պայմանով, որ «ՆԱՏՕ-ն ունենա իրավահավասար փոխգործակցության համապատասխան ցանկություն»։
«Այն դեռ չկա, համոզել մենք չենք պատրաստվում։ Մենք ունենք աշխատանքի ճակատ և բավարար սեփական ներուժ այդ հարցերի լուծման համար»,- հավելել է գլխավոր քարտուղարը։