Գերմանիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Նա նշեց, որ գերմանական կողմը հակամարտող կողմերի հետ մշտապես փորձում է կիսել հակամարտությունների կարգավորման իր պատմական փորձը: «Մենք բարդ հարյուրամյակներից հետո, որոնք լի են եղել պատերազմներով, Ֆրանսիայի հետ գտել ենք դեպի միմյանց տանող ճանապարհը, որովհետև չենք լռել այն պատասխանատվության մասին, որը եղել է, և մոռացության չենք մատնել պատմության սարսափելի իրադարձությունները: Այնպես չէ, որ պատահաբար է դա ստացվելու, հարևանները պետք է մասնակցեն դրան, աջակից լինեն, մենք պատրաստ ենք աջակցողի դերում հանդես գալու, սակայն կա պատրաստակամություն, թե ոչ, այստեղ և Թուրքիայում պետք է որոշվի»,- ասաց Շտայնմայերը: