Marvel ստուդիան YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Վրիժառուների» շարունակության («Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը») թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2015 թվականի մայիսի 1-ին: Ֆիլմի ռեժիսորն է Ջոս Ուիդոնը, որն աշխատել է առաջին «Վրիժառուների» ռեժիսուրայով:
Դերասանական կազմը ֆիլմի առաջին մասի համեմատ գրեթե անփոփոխ է: Գլխավոր դերերը կատարում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսուորթը, Սկարլետ Յոհանսոնը և Սեմյուել Ջեքսոնը:
Ֆիլմի ստեղծողների խոսքով՝ շարունակությունը Marvel-ում ռեկորդ է սահմանում կիրառված հատուկ էֆեկտների քանակով: Ավելի քան 3000 տեսարաններ ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ:
Ֆիլմի առաջին մասը վարձույթ էր հանվել 2012-ի մայիսին: 220 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմն ավելի քան 1.5 մլրդ դոլար է հավաքել՝ դառնալով պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմերի ցուցակում երրորդը: