ԱՄՆ կառավարությունը մորատորիում է սահմանել ցանկացած գիտական հետազոտության վրա, որի շրջանակներում ախտածին վիրուսները և մանրէները դառնում են ավելի հզոր և մահացու: Համապատասխան փաստաթուղթը հոկտեմբերի 17-ին ներկայացրել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին առընթեր գիտության և տեխնոլոգիաների վարչությունը, գրում է Nature News-ը:
Ըստ մորատորիումի պայմանների` երկրի բոլոր պետական մարմինները դադարեցնում են միկրօրգանիզմների հզորությունը մեծացնող ցանկացած հետազոտության ֆինանսավորումը: Իսկ գիտնականներին, որոնց արդեն դրամաշնորհներ են հատկացվել նման աշխատանքների համար, կոչ են անում կամավոր և առժամանակ դադարեցնել դրանք, քանի դեռ ռիսկերի մանրամասն գնահատական չի տրվել: Փաստաթղթում հատկապես հիշատակվում է SARS և MERS գրիպների ուժեղացման արգելքի մասին: