«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը ՀՀԿ գրասենյակում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավաքել է մարզի բոլոր ՀՀԿ կառույցների ղեկավարներին, քաղաքապետերին, որպեսզի նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հաստատեն, որ ցանկանում են Սուրիկ Խաչատրյանը կրկին վերանշանակվի մարզպետի պաշտոնում:
Նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը ներկաներից հարցրել է, թե կարո՞ղ են մարզում 5 հազար մարդ հավաքել ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի: Բացասական պատասխան ստանալուց հետո Հովիկ Աբրահամյանը հայհոյելով Երևան ժամանած սյունեցի քաղաքապետերին ուղարկել է տուն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի համար նրա համակիրները ստորագրահավաք են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց մտերիմների շրջանում և այն հաստատություններում, որոնք իրենց են պատկանում: Սուրիկ Խաչատրյանի համակիրները խուսափում են հասարակ բնակիչներին մոտենալ, քանի որ Բուդաղյանների հայտնի դեպքից հետո այլևս ոչ ոք նույնիսկ ամենավատ երազում չի պատկերացնում Խաչատրյանի վերադարձը:
Հավելենք, որ երեկ գիշերը կայացած հավաքին ներկա չի եղել միայն Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: