Նիգերիայի ռազմական դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել 12 զինվորների նկատմամբ՝ խռովությանը մասնակցելու համար: Այս մասին գրում է նիգերիական Punch պարբերականը:
Տրիբունալը զինվորներին դատապարտել է խռովության, հանցավոր դավադրության, մահափորձի, հրամաններին չենթարկվելու և դրանք չկատարելու, նաև սուտ մատնության համար: Իրենք՝ զինվորները, հերքում են մեղադրանքները: Այդ գործով անցել է 18 զինվորական, որոնցից 5-ն արդարացվել են, մեկը դատապարտվել է 28-օրյա ծանր աշխատանքի:
Այս տարվա մայիսին զինվորները Մայդուգուրի քաղաքում կրակ են բացել իրենց հրամանատարի՝ գեներալ-մայոր Ահմեդ Մոհամմեդի ուղղությամբ: Մինչ այդ զինվորները բողոքել են ռազմամթերքի և սննդամթերքի անբավարարությունից: Բացի դրանից՝ զինծառայողները ղեկավարությանը մեղադրել են իրենց ընկերների սպանության նպատակով դավադրության մեջ, որոնք հայտնվել էին «Բոկո Հարամ» իսլամիստական արմատական խմբավորման գրոհայինների պաշարման մեջ: Երբ ծառայակիցների մարմիններով ավտոմեքենաները հասել են զինվորների գտնվելու վայրը, հարձակումից հետո ողջ մնացած զինվորները սկսել են քարեր նետել հրամանատարի վրա, այնուհետև կրակ են բացել նրա ուղղությամբ: Վերջինիս հաջողվել է թաքնվել զրահապատ մեքենայում, նա չի տուժել: