Սեպտեմբերից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող ԱՄՆ-ը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին, կգումարի նիստ՝ նվիրված Էբոլա վիրուսի պատճառով բռնկված հիվանդության համաճարակին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Հատկապես Լիբերիայում, Սիերա Լեոնայում և Գվինեայում վատթարացող իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին, կգումարի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ»,- ասել է նա:
Փաուերի խոսքերով՝ նիստի ժամանակ նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների ճեպազրույցը:
«Տվյալ պահին շատ կարևոր է, որ Խորհրդի անդամները քննարկեն համաճարակի հետ կապված իրավիճակը, աջակցեն դրա արձագանքման համակարգված միջազգային միջոցառումներին և մեր հավաքական պաշարներն ուղղեն հիվանդության տարածման դադարեցմանը»,- ընդգծել է Փաուերը: