«Ամեն տեղ բռնարար տղամարդուն լեգիտիմացնում ենք՝ թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ հեռուստատեսությամբ: Ոչ վաղ անցյալում մի մարզպետ բոլորի աչքի առաջ ապտակել էր կին գործարարի, և ոչինչ չարեցին այդ մարզպետին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը՝ հավելելով, որ այսպիսի քայլերով մենք ցույց տվեցինք, որ իսկական հայ տղամարդը կարող է ծեծել ու անպատիժ մնալ:
Ըստ նրա՝ հասարակության շրջանում վտանգավոր մոտեցում է տարածված, ըստ որի՝ տղամարդը պիտի ուժ ցույց տա, իսկ կինը և շրջապատը հարցնեն, թե կինը ի՞նչ էր արել, որ տղամարդը ծեծեց: Առավել վտանգավոր է այն, որ ամեն օր հեռուստատեսությամբ, սերիալներում անգամ երեխաները տեսնում են ծեծվող, հոգեբանական բռնության ենթարկվող կանանց, իսկ բռնության ենթարկողն էլ հերոսն է, որին հետագայում փորձում են նմանվել:
Լարիսա Ահարոնյանը նկատեց, որ բռնության ենթարկված կանայք շատ հաճախ չեն բարձրաձայնում այդ մասին, այդ իսկ պատճառով ստույգ վիճակագրություն չկա, բայց կանանց իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ են զանգահարում 8000-ից ավելի կանայք:
Նա նաև ընդգծեց, որ կան դատական որոշ գործեր, բայց դատավարության համար ամենակարևորը՝ ընտանեկան բռնության մասին օրենք չկա, դատավորները այս հարթությունում անփորձ են:
Լարիսա Ահարոնյանը նկատեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար կարևոր է օրենքի ընդունումը, ինչպես նաև կրթության ոլորտում տարվող աշխատանքները, այնինչ այս ուղղությամբ որևէ առաջընթաց դեռևս չկա: Ըստ նրա՝ ամուսնալուծությունների թվի աճի պատճառը նույնպես կարող է լինել բռնությունը. «Իհարկե, ամուսնալուծության շատ պատճառներ կան, բայց հետաքրքիրն այն է, որ կառավարությունում ծաղրական ձևով հարցը բարձրացվեց՝ տնտեսական առումով: Ուզում եմ կառավարությանը հիշեցնել՝ ընտանեկան բռնությունը թե հոգեպես, թե տնտեսապես ավելի թանկ է նստում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: