«Հրապարակ» թերթը գրում է. «Ցմահ ազատազրկվածները և նրանց հարազատները, կալանավայրերում պատիժը կրող մյուս դատապարտյալները շունչները պահած սպասում են օրենսդրական փաթեթին, որը ներկայում մշակվում է արդարադատության նախարարությունում: Նրանք հույս ունեն, որ այս փաթեթը կվերացնի Քոչարյանի 2003 թ. օգոստոսի 1-ի ցմահների «ներման» հրամանագրի իրավական հետևանքները, կլուծի շատ խնդիրներ՝ վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն և այլն: Դրանք տարիներ շարունակ ապարդյուն բարձրացվել են միջազգային կազմակերպությունների, կառավարության, նախագահների առաջ:
Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱԺ ներկայացվելիք փաթեթում, և որքանով են դրանք լուծում ցմահ դատապարտվածների այս հիմնական հարցերը: Պարզաբանման համար դիմեցինք արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:
Նա ասաց, որ փոփոխություններ են մտցվելու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական կառուցակարգում, իսկ համապատասխան անկախ հանձնաժողովի գործունեության կարգի փոփոխման հնարավորությունը դեռ քննարկվում է: Սա նշանակում է, որ փաթեթը դեռևս հում վիճակում է, քանի որ այդ հանձնաժողովի աշխատանքը և դրա իրավական հիմքերն ամենամեծ դժգոհություններն էին առաջացնում: Հիշեցնենք, սակայն, որ իր ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարն ասաց, որ փաթեթն արդեն մշակվել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում