Հյուսիսատլանտյան դաշինքը վատ է նախապատրաստված Ռուսաստանի կողմից իր անդամ պետություններից մեկի վրա հարձակմանը՝ նախազգուշացնում է ազդեցիկ բրիտանացի պատգամավորների խումբն իր զեկույցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց սպառնալիքների հակազդմանը ՆԱՏՕ-ի պատրաստվածության լուրջ թերությունները: Պատգամավորները նաև նշում են արմատական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը:
Բրիտանացի խորհրդարանականների խոսքով՝ Ռուսաստանի կողմից սովորական հարձակման վտանգը մեծ չէ, սակայն առկա է կիբերհարձակման, տեղեկատվական պատերազմի և անկանոն աշխարհազորի կիրառման սպառնալիք:
Խորհրդարանական զեկույցի հեղինակների առաջարկած փոփոխությունների շարքում են՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի ու ռազմական տեխնիկայի մշտական ներկայություն, արագ արձագանքման ներկայիս ուժերի բարելավում, լայնամասշտաբ զորավարժություններ՝ դաշինքի բոլոր անդամ երկրների քաղաքական ու ռազմական առաջնորդների մասնակցությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դաշինքում բրիտանացի պատգամավորների զեկույցն ուսումնասիրվում է: