Լոնդոնում ամենահայտնի երկնաքերը՝ «Վարունգը» (Gherkin), վաճառքի է հանվել նվազագույն 1,1 մլրդ դոլար գումարով: Այս մասին հայտարարվել է Բրիտանիայի մայրաքաղաքում, հայտնում է ITAR-TASS-ը:
180 մ բարձրությամբ 40-հարկանի շենքը կառուցվել է բրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով 2004 թ.: Երկնաքերը ձևով վարունգ է հիշեցնում, ինչի համար էլ ստացել է անունը:
2007 թ. գերմանական IVG Immobilien ընկերությունը և բրիտանական Evans Randall հիմնադրամը համատեղ այն 1 մլրդ դոլարով գնել են Swiss Re ընկերությունից:
Վերջին տարիներին IVG Immobilien-ը խնդիրներ ունի պարտքերի մարման հետ, 2013-ին այդ ընկերությունն իրեն հայտարարել է անվճարունակ: