ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Ռուսաստանին մեղադրել է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Վաշինգտոնը ծանուցել է Մոսկվային իր եզրակացության մասին, համաձայն որի՝ Ռուսաստանի կողմից անցկացվել է ցամաքային տեղակայման նոր թևավոր հրթիռի փորձարկում»,- անանունության պայմանով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դա շատ լուրջ հարց է, որն ԱՄՆ-ը կքննարկի դաշնակիցների հետ Ռուսաստանի վրա ազդեցության մակարդակը որոշելու համար:
Հունվարին ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին տեղեկացրել էր Ռուսաստանի կողմից նոր թևավոր հրթիռի հնարավոր փորձարկման մասին: Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Ռուսաստանը սկսել է հրթիռների փորձարկումները դեռևս 2008 թվականին: Այդ պահին ԱՄՆ վարչակազմը պատրաստ չի եղել պաշտոնապես հայտարարելու, որ փորձարկումները 1987 թվականի պայմանագրի խախտում են:
1987 թվականին Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը ստորագրել էին միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին անժամկետ պայմանագիր: