Լիբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աբդուլլահ Աս-Սենուսսին շաբաթ գիշերը ձերբակալվել է Մավրիտանիայի միջազգային օդակայանում: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի անվտանգության ուժերից մեկի իր աղբյուրին:
Աս-Սենուսսին Լիբիայի նախկին ղեկավար, հանգուցյալ Մուամար Քադաֆիի մերձավոր համախոհն է ու փեսան, ում փնտրում է Միջազգային քրեական դատարանը:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Աս-Սենուսսին Նուակշոտ է ժամանել Մարոկկոյից: Նրա մոտ հայտնաբերվել է մալիական անձնագիր:
Առայժմ հայտնի չէ՝ ինչ են մտադիր անել 62-ամյա Աս-Սենուսսիի հետ Մավրիտանիայի իշխանությունները:
Անցած տարի Քադաֆիի վարչակարգի անկումից հետո Քադաֆին ու նրա փեսան, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ստիպված էին թաքնվել կամ լքել երկիրը: Ենթադրվում է, որ նա փախել է Նիգեր, որտեղից էլ անցել է Մալի:










































