Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է Ժանաոզենի բողոքի ակցիայի 70 մասնակիցների: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալումխանբետ Կասիմովին:
Ըստ նախարարի՝ քաղաքում դրությունը կայունացել է և քաղաքի կենտրոնական հրապարակում ոչ ոք չկա: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է10 մարդ, վիրավորվել 75 քաղաքացիական անձ և 6 ոստիկանության աշխատակից, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Կասիմովը հայտարարել է, որ անկարգությունները հրարհրել են ավելի վաղ աշխատանքից հեռացված նավթագործները, որոնք խոչընդոտել են հանրապետության անկախության օրվա միջոցառումներին, քանդել հրապարակում տեղադրված բեմը, իսկ հետո զբաղվել գողությամբ:
Ավելի վաղ հակասական լուրեր էին տարածվում, որ նավթագործները հրապարակում չեն եղել, դրանք պարզապես սադրիչներ են եղել:
Հիշեցնենք, երեկ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում անկախության օրվան նվիրված միջոցառումները վերածվել էին զանգվածային ցույցի: Տեղեկություններ կային, որ քաղաքում ներքին զորքեր են մտցվել:





































