Ամանորյա տոներին շուկայում մոտ 5-7% թանկացում է սպասվում: Դա վերաբերում է հատկապես մսին, ամանորյա քաղցրավենիքներին ու մրգերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխագուշակում արեց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Տնտեսական վերլուծություններն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ սպառման ծավալներն այդ օրերին 2.5-3 անգամ ավելանում են, ինչը, նրա խոսքով, նույնիսկ զարմանալի է: «Սա կախված է մեր մենթալիտետից, որ որքան էլ քիչ վճարունակ են մարդիկ, ուզում են, որ սեղանները լիքը լինեն, երեխաները տեսնեն ու ուրախանան: Բայց հունվարին էլ նույն տեմպով սպառումը կրկնակի պակասում է»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ա. Պողոսյանի գնահատմամբ, խնդիրն այն է, որ մեր երկրի տնտեսական քաղաքականությունն արատավոր է. այդ ձեռնարկատերերը, իմանալով, որ սպասվում է սպառման մեծ տեմպ, պետք է տարվա ընթացքում նախատեսեն ամանորյա ապրանքների անհրաժեշտ ծավալներ:
Ասոցիացիայի նախագահը նշեց, որ սոցիալական բևեռացումն այնքան շատ է, որ ամանորյա գնումների համար մեկին 100 դոլարը ծիծաղելի է թվում, իսկ մյուսին՝ ողբալի: Ա. Պողոսյանի կարծիքով, ամենասուղ վիճակում Նոր տարին անցկացնելու համար պետք է 200-300 դոլարին համարժեք դրամ:





































