Նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում հեռուստամարաթոնով կեզրափակվի 1992թ. հիմնադրված Հայաստան համահայկական հիմնադրամի 13-րդ ամենամյա դրամահավաքը: ՀԱԿ կենտրանական գրասենյակի ներկայացուցիչ, Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի խոսքերով, այսօր շեղում կա Հայաստան հիմնադրամի գործունեության սկզբունքից. ազգային տուրքի գաղափարը երկրորդական պլան է մղվել. «Ազգային տուրքի գաղափարը, որը շատ լավ ընկալվեց համայն հայության կողմից, այսօր նետվել է մի կողմ եւ վերածվել է պարզ դրամահավաքի, որն ամենացավալին է: Բարեգործություն, օգնություն բառապաշարը ի սկզբանե բացակայել է մեր գործնեության ոլորտից: Կար հստակ գաղափարախոսություն` ազգային տուրքի հատուցում, յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների սահմաններում իր մասնակցությունն էր բերում Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը՝ դրանով փաստելով իր մասնակցությունը իր երկրի զորացմանը: Այսօր դա վերածվել է անհատների կողմից մեծ գումարների հատկացմանը, եւ ժողովրդի մասնակցությունը գնալով նվազում է: Դրա հետեւանքով էլ ծրագրերի առաջնահերթությունը, որը դնում են հոգաբարձուները, ընկնում է հետին պլան եւ թողնվում է նվիրատվություն կատարողների ցանկությանը»: