«Հրապարակ» օրաթերթի փաստաբան Արա Զոհրաբյանը համարում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Սահմանադրական դատարան դիմել է լրագրողների ճնշումների ներքո: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Ես ողջունում եմ ՄԻՊ-ի այդ քայլը և կարծում, որ օրենքն, իսկապես, սահմանադրականության հետ կապված խնդիրներ ունի: Այն լրատվամիջոցների ազատ խոսքի սահմանափակման հաշվին ընդամենը դրամական փոխհատուցման հարց է լուծում: Հույս ունեմ, օրենքն, իրոք, հակասահմանադրական կճանաչվի»,- ամփոփեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտության և վիրավորանքի համար թերթի դեմ հայց էր ներկայացրել: Հայցվոր կողմը պնդում է, որ թերթի` «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածում Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է: Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է հերքել այդ տեղեկությունները և փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3 միլիոնը` զրպարտության և վիրավորանքի համար, իսկ 3 միլիոնը` Քոչարյանի շահերը պաշտպանող «Ջի փարթնըրս» փաստաբանական ընկերության ծառայությունների համար:
Դատական մեկ այլ հայց այս տարի «Հրապարակ»-ի դեմ ներկայացրել էր Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3 մլն դրամի չափով արգելանք է դրել թերթի վրա և պարտադրել չտարածել դատական վեճի հետ կապված որևէ տեղեկատվություն` մինչև չկայացվի գործով վերջնական որոշումը:
Թերթի խմբագրի խոսքով՝ քանի որ իրենք դեռ չեն ստացել հայցադիմումը, միայն կարող են կռահել, թե որ հոդվածի բովանդակությունն է վիճարկում դատական դեպարտամենտի ղեկավարը:





































