Ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան ձևաչափը «դադարի մեջ է, քանի որ Կիևը չի արձագանքում»: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա գնտվում է Դուշանբերում, որտեղ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարում ԱՊՀ երկրների առաջնորդների հետ:
Նույն օրը ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը խմբագրական է հրապարակել, որտեղ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգները մեղադրվում է «համաեվրոպական կառավարելի պատերազմի քաղաքականություն վարելու» և «առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգ ձևավորելու մտադրության» մեջ:
Ուկրաինայի հարցում Մոսկվայի հաշվարկն, ըստ երևույթին, այն էր, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմը կդադարեցնի ռազմական օգնությունը, և Կիևն ստիպված կլինի ընդունել «կարգավորման պայմանները»: Դոնալդ Թրամփը, երևում է, Պուտինի հույսերը չի արդարացնում:
«Կոմերսանտը», հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին հաստատել է ԱՄՆ 2026 թվականի ռազմական ծախսերը: Ընդհանուր առմամբ դրանք կկազմեն 925 միլիարդ դոլար, որից 500 միլիոնը որպես օգնություն կտրամադրվի Ուկրաինային: Փաստաթղթում հատուկ ընդգծված է, որ մինչև 2028 թվականը կշարունակի գործել Ուկրաինային աջակցության ծրագիրը, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությանն արտոնում է հատկացված գումարի սահմաններում գործարքներ կնքել ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ:
Տարեկան 500 միլիոն դոլարի անհատույց աջակցությունն, իհարկե, Ուկրաինայի ռազմական ծախսերի համեմատ չափազանց համեստ գումար է, բայց կոնկրետ այս փուլում կարևորը Վաշինգտոնից Մոսկվային հղված ազդակն է՝ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինային:
ՌԻԱ-Նովոստիի խմբագրականն ավարտվում է դիտարկմամբ, որ Ռուսաստանը «վաղուց ինքնաբավ երկիր է և կարող է ապրել առանց Միացյալ Նահանգների հետ համագործակցության, բայց արդյոք ամերիկացիները պատրա՞ստ են դրան»:
Խնդիրն այս դեպքում այն է, թե «Ռուսաստան» ասելիս ռազմա-տնտեսա-աշխարհաքաղաքական ի՞նչ սուբյեկտ են նկատի ունենում Մոսկվայում: Եթե խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության մասին է, ապա հարցն, իրոք, զուտ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների տիրույթում է:
Բայց կայուն տպավորություն է, որ նոր «սառը պատերազմի» անոնս արվում է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի անունից, ինչը սկզբունքորեն փոխում է Մոսկվա-Վաշինգտոն մրցակցության որակը և ընդգրկման արեալը: Ըստ այդմ, եթե Վաշինգտոնը չվերադառնա Թրամփի պաշտոնավարման առաջին ամիսների դիրքորոշմանը, ապա Ռուսաստանը կարող է «Ուկրաինան կրկնել ամբողջ հետխորհրդային տարածքում»:
Մոսկվան, այսպիսով, կտրուկ բարձրացնում է «ուկրաինական խաղադրույքը»՝ այն հասցնելով իր ներկայիս պահանջների և հնարավոր նվաճումների միջև ամերիկյան ընտրության մակարդակի: Դա Թրամփի մերձավորարևելյան տրիումֆին «սիմետրիկ արձագանք է», եթե, իհարկե, ամեն ինչ քարոզչական բլեֆ և Վաշինգտոն-Մոսկվա «գաղտնի պայմանավորվածությունների» տեղեկատվական ապահովագրում չէ:










































