ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը դարձյալ մեկնում է Իսրայել: Միացյալ Նահանգները Գազայի պատերազմի բռնկումից ի վեր իտենսիվ կերպով ներգրավված է իրադարձություններին, իսկ պետքարտուղար Բլինքենը արդեն երկրորդ այցն է կատարում Իսրայել եւ ռեգիոն: Այս հանգամանքը հատկանշական հայացքի տեղիք է Կովկասից, եւ ոչ միայն ռեգիոնալ փոխկապակցվածության եւ փոխազդեցության հանգամանքների տեսանկյունից, այլ նաեւ անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան գործընթացի: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այդ գործընթացը, խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը եւ համաձայնության հասնելը պետքարտուղար Բլինքենի համար նաեւ անձնական ներգրավվածության հարց է, այլ կերպ ասած՝ աննձնական նպատակադրում:
Հազիվ թե այդ հայտարարություններն ունենան լոկ քարոզչական նշանակություն, քանի որ դրանով բարձրացվում է նաեւ պետքարտուղարի պատասխանատվության հարցը եւ խաղաղության գործընթացում անարդյունավետությունն ու անհաջողությունը փաստացի կդիտվի պետքարտուղարի անձնական անհաջողություն կամ անարդյունավետություն: Ըստ այդմ, պետքարտուղարության ներկայացուցիչների այդօրինակ հայտարարությունների նպատակը քարոզչությունը չէ, այլ իրապես արձանագրումը, որ անձամբ հենց Էնթոնի Բլինքենը կովկասյան այս հարցում շատ բան է դրել «սեղանի վրա»:
Ահա այդ առումով էլ առաջանում է հարցը, թե մերձավորարեւելյան թեժ իրավիճակում նրա ինտենսիվ ներգրավվածությունը որքանով կհանգեցնի Հայաստան-Ադրբեջան գործընթացի հանդեպ ուշադրության եւ ինտենսիվության նվազման, հատկապես հաշվի առնելով այն, որ վաշինգտոնյան գործընթացն այդ առումով վերջին ամիսների թերեւս ամենատարողունակն էր երկու՝ քառօրյա եւ եռօրյա բանակցային աննախադեպ փուլերի դրսեւորումով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն անձամբ չէ, որ զբաղվել կամ զբաղվում է բուն այդ աշխատանքով, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը թերեւս չունի միաժամանակ տարբեր առանցքային միջազգային խնդիրներով զբաղվելու ռեսուրսային սղություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով պետքարտուղարի անձնական գործոնի շեշտադրման հանգամանքը, հարցը ներկայիս փուլում դառնում է թերեւս արդիական, թե Մերձավոր Արեւելքը Էնթոնի Բլինքենի որքա՞ն ուշադրոություն կխլի Հայաստան-Ադրբեջան գործընթացից:
Տվյալ պարագայում հարցն այն է, որ այդ ուշադրության էական նվազումը կենթադրի գործընթացում ուժերի հարաբերակցության փոփոխության: խոսքը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ խաղաղության գործընթացի մոդերատորության համար մրցակցող եւ դիմակայող ուժերի միջեւ հարաբերության մասին է, ընդ որում թե բավականին բաց, թե նրբորեն հեռվից խաղացող ուժերի, ինչը կարող է բերել Կովկասում բրիտանա-ռուսական մրցակցության լատենտ ազդեցության գերակայության:









































