Օգոստոսի 10-ի գիշերը 4-20-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից դուրս եկան մի քանի ոստիկանական մեքենաներ և շարժվեցին անհայտ ուղղությամբ, ինչից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը մտան ոստիկանություն` պարզելու, թե արդյո՞ք վերոնշյալ մեքենաներով ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներին էին տեղափոխում: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականի» թղթակիցը:
Ոստիկանապետը վերջիններին պատասխանել է, որ երիտասարդները ձերբակալվել են ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով և հավաստել, որ մեքենաներում ՀԱԿ ակտիվիստներն էին, նշանակվել է փորձաքննություն: Լևոն Զուրաբյանին և Ավետիս Ավագյանին չի հաջողվել ճշտել` ուր են տարել երիտասարդներին, սակայն նրանց խոսքերով ոստիկանությունը ձերբակալության մասին արձանագրություն չի կազմել:
Հիշեցնենք, որ համաձայն տարածված տեղեկությունների` օգոստոսի 9-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներ Քիրամիջյան Դավիթը, Առաքելյան Տիգրանը, Գևորգյան Վահագնը, Գևորգյան Արեգը, Մուրադյան Սահակը, Կարապետյան Արտակը և Գևորգյան Սարգիսը մոտեցել են Երևան քաղաքի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս զննելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները, իսկ կարմիր բերետավորներն ու ոստիկանները հարձակվել են նրանց վրա, ծեծի ենթարկել և տարել Կենտրոնի ոստկանության բաժանմունք:







































