Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գոհ է երկրի գործող իշխանություններից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին Իվանիշվիլին հայտարարել է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպության շնորհանդեսի ժամանակ, որը պատկանում է իրեն:
«Կարելի է խիզախորեն ասել, որ այսօր մենք լավ իշխանություն ունենք, սակայն այն չի կարող անթերի լինել: Ինչ վերաբերում է կառավարության և ժողովրդի մերձեցման գործընթացին, ապա այն մեկնարկել է, և ես գոհ եմ դրանից»,- ասել է նա:
Իվանիշվիլին նշել է, որ իշխող թիմը լավ է կատարում իր պարտականությունները, սակայն հասարակությունը չպետք է հանգստանա և պետք է շարունակի վերահսկել իշխանությունների աշխատանքը:
«Անխոս, ինձ դուր է գալիս հասարակության ներկայացուցիչների ակտիվությունը, սակայն դա չպետք է դրսևորվի չափից դուրս էմոցիոնալությամբ: Իմ կարծիքով՝ այստեղ պատճառն ընդդիմությունն է, դրա ոչ պրոֆեսիոնալիզմը»,- հավելել է նա: