Քարոզարշավից առաջ «Գելլափ Ինթերնեյշնլ»-ը հրապարակեց հարցումների տվյալներ, համաձայն որի՝ պարզ է դառնում, որ հիմնական պայքարը Ազգային ժողովում ընթանալու է երրորդ տեղի համար։
«Ես նախորդ մեր հանդիպման ժամանակ ասել եմ, որ քարոզարշավը լինելու է էպատաժային տրամադրությունների մեջ, և կարծում եմ, որ չեմ սխալվել, այդ տրամադրություններն առկա են։ Հիմնական ակտիվ խաղացողները ՀՀԿ-ն է ու Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի թիմն է ներկայացնում՝ սև ու սպիտակի խաղը շարունակվում է։ Այս անգամ նախաձեռնողը Հանրապետականն էր, որը փորձում է կիրառել Այկիդոյի հնարքը և չփորձեց պայքարել այդ սև գաղափարի դեմ, հակառակը՝ փորձեց այդ սևի գաղափարը օգտագործել, ինչը, ամեն դեպքում, հետաքրքիր մոտեցում էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասաց սոցիոլոգ, «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Կփոխվի՞ արդյոք հարցումների պատկերը «Առաջին լրատվական»-ի հարցին սոցիոլոգը պատասխանեց․ «Ես դրա մասին հստակ կարող եմ ասել, ըստ երևույթին, դեկտեմբերի 6-ին կամ 7-ին, որովհետև մենք մյուս օրը սկսում ենք մեր նոր հետազոտական փուլը, որի ժամանակ կփորձենք գնահատել այս անցած օրերի քարոզարշավը։ Ինչքանով այն ազդեց մեր քաղաքացիների տրամադրությունների վրա, ինչքանով թույլ տվեց, որ հստակեցնեն իրենց կարծիքը, թե ում են առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալու։ Այդ ժամանակ էլ մենք կարող ենք հստակ ասել՝ արդյո՞ք ունենք փոփոխություն, թե՞ չունենք։ Բայց փորձագիտական առումով, չեմ կարծում, որ առաջին ու երկրորդ տեղի փոփոխություն լինի»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































