Հանրապետության 3 մարզերի՝ Շիրակին, Լոռիին և Սյունիքին հրշեջ-փրկարարական նոր մեքենաներ կտրամադրվեն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Գրեթե բոլոր մարզերում փրկարարական ծառայությունները տեխնիկական հագեցվածության կարիք ունեն: Գյումրիում այժմ գործում է 1 ՀՓՋ: Երկրորդ ջոկատը մի քանի տարի առաջ է լուծարվել: Հիմա նախարարությունը նորից նախատեսում է Գյումրիում երկրորդ ՀՓՋ-ն վերաբացել: Նախկին ջոկատի զբաղեցրած շենքը սեփականատեր ունի, և այն վերաբացելու համար նոր տարածք է պետք:
«Ես չգիտեմ, թե նախկին ջակատը ինչու է փակվել: Նախատեսել ենք, որ Գյումրիում երկրորդ ՀՓՋ-ն բացվի: Պայմանավորվածություններ ունենք: Տեղի հարցը կլուծենք, և նոր տեխնոլոգիաներով հագեցած փրկարարական ջոկատ կունենանք: Այդ հարցը կլուծվի մոտ ապագայում՝ հաջորդ տարի: Զուգահեռ նաև տեխնիկական հագեցվածության հարցերն են լուծվում: 3 մարզերի՝ Լոռիին, Շիրակին և Սյունիքին կտրամադրենք ճապոնական նոր հրշեջ մեքենաներ: Շիրակի մարզում ՝ Գյումրիին և Աշոցքին նախատեսում ենք 5 մեքենա հատկացնել»,- ասել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշել է նաև, որ Գյումրիի թիվ 40 ՀՓՋ-ի շենքում ևս այժմ ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեղակայված են ոչ բարվոք շենքային պայմաններում: Ջոկակատների տեխնիկական հնարավորությունները ևս սահմանափակ են: Այդուհանդերձ, Հայաստանի փրկարարական ծառայությունը համապատասխան ծառայությունները կատարելու բավարար հնարավորություններ ունի:










































