Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի վերջը Եվրոպայում կփակի Chevrolet բրենդը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
GM-ում կարծում են, որ Եվրոպայում տիրող բարդ տնտեսական իրավիճակի պատճառով Chevrolet ավտոմեքենաների զանգվածային ներկայությունն այնտեղ այլևս ակտուալ չէ:
Այն պահից ի վեր, ինչ 2005-ին GM-ը Եվրոպայում գործարկեց բրենդը, Chevy-ի վաճառքի ծավալը տարածաշրջանում գտնվում է նույն մակարդակում՝ տատանվելով տարեկան 200 հազար մեքենայի սահմաններում: Ընդ որում՝ եվրոպական ավտոշուկայում վաճառքի զգալի մասը բաժին է ընկնում Chevrolet-ին, որն արտադրում է ընկերության կորեական ստորաբաժանումը:
GM-Korea-ի ներկայացուցչի խոսքով՝ արտահանումը Եվրոպա կկրճատվի փուլ առ փուլ: Նա նշել է, որ Chevy-ի փակումն ընկերությանը 700 մլն դոլարից 1 մլրդ դոլար կարժենա:









































