Tuesday, 30 04 2024
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ

Հայերի դասը քրդերին, և «քրդերին դավաճանելու» դասը Հայաստանին

Քրդերի կողմից վերահսկվող սիրիական Աֆրինում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո մամուլում կրկին արդիական է դարձել «քրդերին դավաճանելու» հարցը: Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը օդուժի հարձակումով սկսեցին «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմագործողությունը քրդական զինված խմբավորումների դեմ: Թուրք-քրդական բախումների առաջին իսկ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Աֆրինից ռուսական զորքերը դուրս բերելու մասին: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարեց, թե «Ռուսաստանը դավաճանել է քրդերին»: Քրդերն առանձնապես գոհ չեն նաև իրենց ամենասերտ դաշնակցի՝ Միացյալ Նահանգների կեցվածքից, որը մշտապես աջակցել է քրդերին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, զենք է մատակարարել նրանց, ինչն առաջացրել է Թուրքիայի խիստ դժգոհությունն ու զայրույթը: Իրաքի քրդերն էլ նախորդ տարվա սեպտեմբերին Քրդստանի ինքնավար շրջանում անկացված հանրաքվեից հետո մեղադրեցին ամերիկացիներին իրենց լքելու և Բաղդադի կառավարական զորքերի, Իրանի և Թուրքիայի դեմ մեն-մենակ թողնելու համար:

Անշուշտ, թե՛ սիրիական հակամարտությունը, թե՛ ընդհանրապես Մերձավոր Արևելքի խնդիրներն ու, մասնավորապես, քրդական հիմնահարցը շատ յուրահատուկ են իրենց բնույթով, քաղաքական առանձնահատկություններով ու պատմական արմատներով, ներգրավված ուժերի ազդեցությամբ ու շահերով, և ուղիղ համեմատությունը հայկական հարցերի, ասենք՝ ղարաբաղյան հիմնախնդրի հետ, թերևս, ճիշտ չի լինի: Բացի այդ, ի տարբերություն քրդերի՝ հայերը միայն 20-րդ դարի ընթացքում կարողացել են երկու անգամ անկախ պետություն հռչակել: Բայց հարցն ունի մեկ այլ կողմ, և հաշվի առնելով ներկայում և անցյալում քրդական և հայ ազգային-ազատագրական շարժումների որոշ նմանությունները և այն, թե ինչպես են քրդական և հայկական «խաղաքարտերը» շահարկվել և շահարկվում ազդեցիկ պետությունների հարաբերություններում, կարելի է ասել՝ «քրդերի դավաճանության» դասերը այսօր էլ ուսանելի են Հայաստանի շահերի տեսանկյունից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, Մերձավոր Արևելքի և թուրք-քրդական հարաբերությունների մասնագետ Արամ Սայիյանը:

– Պարոն Սայիյան, քրդերի հետ կատարվող իրադարձությունները որքանո՞վ են հիշեցնում մեր պատմության դասերը:

– Նախ՝ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին: Ի սկզբանե պարզ էր, որ հանրաքվեն բացասաբար է ընդունվելու բոլոր ուժերի կողմից՝ թերևս բացառությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի: Քրդերին հորդորում էին չանցկացնել հանրաքվե կամ ասում էին՝ եթե նույնիսկ անցկացնում եք, դա թող ընդամենը դեկլարատիվ բնույթ ունենա, դրան հաջորդող գործողությունները մի՛ արեք: Բայց նրանք չլսեցին: Իհարկե, կային նաև ներքին խնդիրներ՝ Բարզանիների և Թալաբանիների մրցակցությունը: Բարզանին այդպիսով փորձեց բարձրացնել իր վարկանիշը, ավելացնել իր իշխանության լեգիտիմությունը, և ինքներդ էլ հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ հանրաքվեից հետո: Իրաքյան բանակը Իրանի օգնությամբ անակնկալ հարձակվեց: Քրդական ճամբարում եղան ուժեր, մասնավորապես՝ Թալաբանիները, որոնք գրեթե առանց մարտերի զիջեցին Քիրկուկ քաղաքը: Եզդիները նույնպես միացան իրաքյան բանակին և փաստորեն դուրս եկան Քրդստանի Դեմոկրատական կուսակցության, քրդական ինքնավարության ազդեցության տակից, և այսօր Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ազդեցության ներքո գտնվող եզդիաբնակ տարածքներն այժմ փաստացի անկախ են Բարզանիի իշխանությունից: Այսինքն, միասնականություն քրդական ուժերի միջև առայժմ չկա: Թուրքիայում էլ քրդերը բաժանված են տարբեր ճամբարների: Այստեղ կան և՛ PKK-ի կողմնակիցներ, և՛ թուրքամետ ուժեր՝ «գյուղական պահապանների կորպուսը», որը դրամ, զենք-զինամթերք է ստանում թուրքական կառավարությունից: Հանրաքվեի արդյունքը այդպես էլ պետք է լիներ: Հոկտեմբերին սկսված մարտերի ժամանակ Իրանը արևելքից, Թուրքիան հյուսիսից գրեթե ռազմական ներխուժում էին իրականացնում: Թուրքիան այժմ նույնիսկ խորացել է Իրաքյան Քրդստանի տարածքում և եթե չեմ սխալվում, արդեն երեք ռազմաբազա ունի այնտեղ: Իսկ Իրանը բավարարվեց հրետանային հարվածներով: Սա սթափեցնող ազդանշան էր, և Բարզանին հետ քաշվեց: Ստիպված սկսեցին համագործակցել իրաքյան կառավարության հետ, և հիմա բանակցությունները շարունակվում են: Ինչո՞վ կավարտվեն. իմ կարծիքով՝ Իրաքի կառավարությունը կհասնի իր ուզածին:

Ինչ վերաբերում է դավաճանությանը, եկեք այս հարցը երկու հարթության վրա դիտարկենք և կապենք այն հայկական իրականության հետ: Ցավոք սրտի, մենք էլ ենք նույն սխալներն անում, ինչ քրդերը: Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք և ամրագրենք, որ մեծ քաղաքականության մեջ համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների համար չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան մշտական շահեր: Եվ այստեղ դավաճանությունից խոսելը, կարելի է ասել, անիմաստ է: Զուտ բարոյականության տեսանկյունից՝ այո, բայց քաղաքական տեսակետից չկա այդպիսի հասկացություն: Հավատացեք՝ եթե ամերիկյան պետության շահերը թելադրեն, նույն ամերիկյան օդաչուն, որն օգնում էր քրդերին Ռաքքան գրավելու ժամանակ, ռումբեր էր նետում «Իսլամական պետության» զինյալների գլխին, հաջորդ օրը ռումբեր կնետի քրդերի գլխին: Նույնը կանեն և՛ ռուսները, և՛ ֆրանսիացիները:

Երկրորդ հարթությունում իրենք քրդերն են: Ցավալի է, որ իրենք քրդերը շատ դեպքերում հավատարիմ չեն իրենց խոստումներին, և եթե քիչ թե շատ լուրջ ինչ-որ ուժ, որը, իր քաղաքական հաշվարկները Մերձավոր Արևելքում անելիս, հույսը դնում է քրդերի վրա, այդ քաղաքական ուժն ի սկզբանե պարտված է, որովհետև քրդերի հավատարմության վրա հույս դնելը մի քիչ հեղհեղուկ է: Այս իմաստով նույն ամերիկացիներն ու ռուսներն էլ կարող են մեղադրել քրդերին: Ռուսներն, այսպես ասած, «նեղացել են» քրդերից և մենակ թողեցին թուրքերի դեմ այն պատճառով, որ «դուք ամերիկացիների հետ եք»: Չէ՞ որ ռուսները մոտ 20 օր առաջ առաջարկեցին Սիրիայի քրդերին համաձայնեցված համագործակցություն Ասադի հետ, ըստ որի, Ասադը նրանց տալիս էր ինքնավար կարգավիճակ, քրդական ուժերը ներգրավվում էին սիրիական բանակի կազմում: Քրդերը ինչ-ինչ պատճառներով, հավանաբար ամերիկացիների «հորդորներով», մերժեցին: Երկրորդը, ամերիկացիները հայտարարեցին, թե մտադիր են Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում կազմավորել 30 հազարանոց զորամիավորում, որը հիմնականում կազմված էր լինելու քրդական ուժերից, և սա անմիջապես ազատ արձակեց թուրքերի ձեռքերը: Իսկ ռուսները չխառնվեցին, ասացին՝ «եթե ամերիկացիներն են ձեր հովանավորները, թող իրենք էլ պաշտպանեն ձեզ թուրքական հարվածներից»: Այդ պատճառով նրանք հետ քաշեցին իրենց զորքերը Աֆրինից:

– Նկատի ունենանք ոչ միայն քրդերի պայքարը ինքնավարության կամ անկախության համար, նրանց հետ կատարվածը, այլև Թուրքիայի գործողությունները, որը, անտեսելով շատ երկրների դատապարտող հայտարարություններ, խախտելով միջազգային իրավունքի նորմեր և մասնավորապես Սիրիայի տարածքային ամբողջականության իրավունքը, իր ազգային անվտանգության խնդիրներն է լուծում այլ պետության տարածքում: Իսկ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և հոսանքներ բացարձականացնում են միջազգային հանրության, միջազգային կառույցների դերը հակամարտությունների կարգավորման, այս կամ այն ռեգիոնում անվտանգության և կայունության հաստատման հարցում: Հետևաբար, վստահե՞լ գերտերություններին, ապավինե՞լ նրանց դիվանագիտական-քաղաքական ջանքերին, թե՞ սեփական ուժերով ապահովել մեր անվտանգությունը: Ինչպե՞ս կգնահատեք հարցը ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից:

– Խնդիրն այն է, որ Թուրքիայի ամբողջ հարավում՝ «փորատակում», ստեղծվել են քրդական երկու հզոր ինքնավարություններ՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքերը հասկանում են, որ եթե այս տարածքներում ստեղծվեց անկախ քրդական պետություն, իրենք կանգնելու են Թուրքիայի քրդաբնակ շրջանները կորցնելու վտանգի առաջ: Եվ, իհարկե, նա պիտի պատասխանի: Երբ դրված է թուրքական պետության ֆիզիկական գոյության խնդիրը, նա ոչնչի առաջ կանգ չի առնի, լինեն միջազգային կազմակերպություններ, թե ազդեցիկ երկրներ: Խնդիրն իր հողերի մասին է: Այստեղ շահերի այնպիսի բախում կա, որ միջազգային կազմակերպությունների վրա հույս դնելը սխալ մոտեցում է: Այս իմաստով, ճիշտ է, Հայաստանը պետք է հավատարիմ լինի ստորագրված միջազգային պայմանագրերին, բայց ես հավատացած եմ, որ մենք պետք է հասկանանք և ընդունենք, որ կան ռեալ շահեր՝ մեր հարևանների, տարածաշրջանային ուժերի և համաշխարհային ուժային կենտրոնների, և պետք է աշխատենք հենց նրանց հետ հարաբերություններ հաստատել և այնպես անել, որ գործը չհասնի նրան, ինչին այժմ քրդերն են հասել: Մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին, քանի որ թույլ, ուրիշից օգնություն սպասող պետությունը կամ ժողովուրդը անմիջապես միջազգային քաղաքականության սուբյեկտից վերածվում է օբյեկտի, որի հաշվին բոլոր շահագրգիռ կողմերը ապահովելու են իրենց կենսական շահերը: Որպես ասածիս վառ ապացույց կարելի է բերել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ մեր բանակի հուժկու հարվածները խորտակեցին ոչ միայն Ադրբեջանի, այլև տարբեր ուժային կենտրոնների ծրագրերը՝ մեր արյան և հողերի հաշվին կարգավորել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ և մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում: Մենք պետք է հիշենք, որ հաշվի են նստում միայն ուժի հետ, և այս պարզ ճշմարտությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը: Ընդ որում, ուժ ասելով ես նկատի չունեմ միայն ռազմականը, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գիտական, տեխնոլոգիական, ժողովրդագրական և այլն:

– Ինչպե՞ս խուսանավել միջազգային հանձնառությունների և իրական քաղաքական շահերի միջև, եթե դրանք որոշ դեպքերում հակասության մեջ են մտնում, որովհետև մեզ ասում են, թե կա հակամարտության կարգավորման ծրագիր, որը մենք չենք գրել, այլ միջազգային «ատյանը», և ի վերջո մեզ պարտադրելու են այդ լուծումը:

– Հարցի ենթատեքստը պարզ է: Դա արդեն կախված է մեր պետության ռազմաքաղաքական իշխանության մոտեցումից: Եթե հասկանանք, որ դրված է մեր պետության ֆիզիկական անվտանգության խնդիրը, ապա դա ինչ-որ առումով իրավունք տալիս է մեզ չենթարկվելու, որովհետև այդ սպառնալիքները մեր պետության գոյությունն են վտանգի տակ դնում: Օրինակ, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, լինելով Եվրամիության անդամ երկրներ, պարտավորվելով կատարել ԵՄ-ի բոլոր շրջաբերականները, որոշումները, այնուամենայնիվ, փախստականների հարցում մինչ օրս շատ կոշտ դիրքորոշում ունեն և ընդհուպ սպառնում են, թե կարող են դուրս գալ ԵՄ-ի կազմից: Եվ առայժմ նրանք կարողանում են իրենց ուզածն առաջ տանել: Այսինքն՝ մեր երկրի ղեկավարությունը համաշխարհային հանրության համար պետք է հստակորեն գծի այն սահմանը, որից այն կողմ նրանց իրավասությունները վերջանում են:

– Եթե համեմատենք հայկական հարցը 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբին և քրդական հիմնահարցը արդի փուլում, որքանո՞վ են դրանք նման իրար: Օրինակ, ռուս արևելագետներից մեկը գրել էր, թե «քրդական խաղաքարտը» մանրադրամ դարձավ Ռուսաստանի համար՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները:

– Իհարկե, նմանություններ կան, և ցավալի է, որ նույն սխալները կրկնվում են: Քրդերի համար ցավալիորեն հայ ժողովրդի գործած սխալները, մեր պատմությունը իրենց համար դաս չեղան: Այս խոսքերի ապացույցն այժմ տեղի ունեցող իրադարձություններն են, երբ քրդերը մնացել են մենակ թուրքական ռազմական մեքենայի առջև, և առայժմ ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում նրանց: Մենք 19-րդ դարում չունեինք այն քաղաքական ուժը, քաղաքական միտքը, որ կարողանար իրատեսորեն հասկանալ մեր ժողովրդի շահերը, հասկանալ, թե ովքեր են մեր դաշնակիցներն ու թշնամիները, ինչը բերեց ծանր հետևանքների: Հիշենք թեկուզ 1862 թ. Զեյթունի ապստամբությունը, երբ Նապոլեոն 3-րդը գրգռեց հայերին, ինչը բերեց այդպիսի աղետալի հետևանքների: Ֆրանսիացիները լուծեցին իրենց խնդիրները Օսմանյան կայսրության հետ և հայերին թողեցին մենակ: Սա, ցավոք սրտի, դաս չեղավ մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավի համար: Հիմա քրդերն էլ են նույնը անում և տուրք տվեցին տարբեր երազանքների և խոստումների, որոնք տալիս էին տարբեր պետություններ: Լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իսրայելը կամ թեկուզ Հայաստանը, ով էլ լինի, եթե փոխզիջման խնդիր կա երկու պետությունների միջև, ոչ մի պետություն չի ուզենա իր հաշվին զիջում կատարել: Բոլորն էլ ուզում են, որ զիջումը կատարվի երրորդ պետության հաշվին: Նույնն էլ ռուսներն են անում: Ինչո՞ւ պետք է բանակցեն թուրքերի հետ և ինչ-որ բան զիջեն, եթե դա կարելի է անել քրդերի հաշվին: Այս իմաստով, իհարկե, պատմությունները նման են: Կարելի է ասել, որ ոչինչ չի փոխվել: Չնչին տարբերությամբ, բայց ընդհանուր առմամբ մերձավորարևելյան այս թնջուկը մնացել է նույնը թե՛ 19-րդ, թե՛ 20-րդ և թե՛ 21-րդ դարերում: Պարզապես այն ժամանակ հայերն էին, հիմա քրդերն են: Այն ժամանակ Բրիտանիան էր, հիմա Միացյալ Նահանգներն է: Կարելի է ասել՝ ամեն ինչ նույնն է մնացել: Մնացել են կայուն շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում