Ազգայն ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Առինջ մոլ»-ի ու մայրաքաղաքի այլ տոնավաճառների աշխատակիցներ. նրանք ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում խորհրդարանական 4 ուժերին սատարել իրենց պայքարին:
Ցուցարարներից «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը լրագրողներին հայտնեց. «Երեկվանից մենք ստորագրահավաք ենք սկսել, որով դիմում ենք խորհրդարանական 4 կուսակցություններին, որ այս հարցին ուշադրություն դարձնեն, նայեն հասարակ մարդու տեսանկյունից: Այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու: Մարդն ուզում է հանգիստ աշխատի ապրի, իրավունք չունի՞: Ով ա որոշել, որ պետք է բռնություններով բյուջե լցնեն, մարդկանց անհանգստացնեն: Սխալ է պատկերացումը, թե առևտրականները հարուստ մարդիկ են, եթե մի տանը 4 մարդ կա, 4-ն էլ վարկերի տակ են, 4-ն էլ իրենց տներով, մեքենաներով, բիզնեսով գրավի տակ են: Ո՞վ ա որոշել, որ այս թալանը պետք է շարունակեն: Ինչ է նշանակում՝ կոշտ կոպիտ վարչարարություն: Մենք տեսանք, որ սա վարչապետից ա գալիս:»:










































