«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, նորից է դիմել հանրությանը՝ օգնել իրեն հողին հանձնել որդուն: Տարածած հայտարարության մեջ տիկին Դոնարան նշում է. «Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշյանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին՝ մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորներին և ազնվականներին, և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա, ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի՝ դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր»:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որ Արթուր Սարգսյանի դամբարանի ստորգետնյա հատվածի նախագիծն է իրականացնել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դամբարանում հուղարկավորելը նույնպես ընդունված տարբերակ է, հիշենք՝ Արշակունիների, Բագրատունիների, Գոշի, Հռիփսիմեի դամբարանները։ «Սկսած մեր թագավորներից, թագուհիներից մինչև գիտնականներ… շատերը հուղարկավորվել են դամբարաններում»,- ասաց ճարտարապետը: Նրա խոսքերով՝ որևէ մտահոգվելու առիթ չկա, թե «Հաց բերողը» հուղարկավորված չէ. «Արթուր Սարգսյանը հաստատ հուղարկավորված է»։
Անդրադառնալով տիկին Դոնարայի գնահատականին, ով անվստահություն է հայտնում հանձնախմբին, Անահիտ Թարխանյանը նշեց. «Հանձնախմբի մեջ էր «Հաց բերողի» եղբայրը՝ Արսենը, ինչպես նաև Արթուրի ընկերները: Նրանք բոլորը հանձնաժողովի անդամ էին: Եվ երբ սկզբում հարց բարձրացվեց, որ Արթուրին պետք է տանել Եռաբլուր հուղակավորելու, և երբ արգելեցին, հանձնախմբի անդամները, այդ թվում՝ Արսենը, շատ վրդովված էին, և խոսքի մեջ ծնվեց այն գաղափարը, որ ոչինչ, մեր Արթուրին թագավորների պես կհուղարկավորենք: Հենց այդ ժամանակ առաջացավ դամբարանում հուղարկավորելու գաղափարը: Ավելին, 2 օր Արսենը մեզ չէր պատասխանում՝ իրենք ինչպես են ուզում, որ անենք: Ասաց, որ պետք է մոր, նաև հարազատների հետ խոսի, բոլորի հետ խոսեց, թաղումից մեկ օր շուտ ասացին, որ Արսենը համաձայնել է, և մեկ գիշերում նախագծեցինք, ամեն ինչ արվեց, մինչև մյուս օրը Արթուրին կբերեն: Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատեցին, որ հասցնեն»:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ ինչպես ուզում են մայրը, հարազատները, նրանց կամքով պետք է լինի։ «Այնպես չէ, որ մեկի մտքով մի բան անցավ, էդպես է լինելու: Ոչ, ինչպես հարազատներով կորոշեն, այնպես էլ թող անեն: Արթուրը, իհարկե, ուներ իր վերջին կամքը, նա ուզում էր իրեն հուղարկավորեին Եռաբլուրում»,- հավելեց Անահիտ Թարխանյանը:










































