Եգիպտոսի դատախազությունը պատրաստվում է սպանությունների մեղադրանք ներկայացնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա որդիներին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Նրանց մասնավորապես մեղադրում են հունվար-փետրվար ամիսների հակակառավարական ելույթները զենքով ճնշելու հրաման տալու մեջ: Բացի այդ, քննվում են տարբեր այլ գործեր, որոնք վերաբերում են կոռուպցիային, պաշտոնական դիրքի չարաշահմանը և կաշառակերությանը:
Հիշեցնենք, որ Մուբարաքը և նրա որդիները ապրիլի 13-ից գտնվում են կալանքի տակ: Պարբերաբար նրանց կալանքը երկարաձգվում է 15 օրով:
Մուբարաքը հիմա բժիշկների վերահսկողության տակ է, վերջիններս արգելում են նախկին նախագահին բանտ տեղափոխել, քանի որ նա այս վիճակում տեղափոխման ենթակա չէ:










































