Ուկրաիյանի Գերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում Է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ը սահմանել որպես Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օր։
Որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր։ Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1945 թվականին Արևմտյան Ուկրաինայում սկսվել է արևելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Հայ կաթոլիկ եկեղեցին դրանցից առաջինների թվում էր: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:
«Պատմական հիշողությունը պահպանելու և Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները և ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական և Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,-ասված է որոշման տեքստում:








































