Կառավարական փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել մամուլին, ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9.5 տոկոսով՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու դեպքում, իսկ ընդհանուր կորուստները կարող են կազմել տարեկան 66 մլրդ ֆունտ ստերլինգ (81 մլրդ եվրո)՝ հայտնում է The Times-ը։
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ առևտուրը կնվազի մոտավորապես 20 տոկոսով, մոտ նույնպիսի ցուցանիշով կընկնի նաև բրիտանական տնտեսությունում օտարերկրյա ներդրումների մակարդակը։ Ի հավելումն դրա՝ կարող է նվազել հարկահավաքության մակարդակը։
Փաստաթղթերը պատրաստվել են ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցի քննարկման համար, որը պետք է մեկնարկի այս շաբաթ։
The Times-ի զրուցակիցները նշում են, որ փաստաթղթում ներկայացված թվերը «կտրված են իրականությունից», քանի որ հաշվի չեն առնում այն փաստը, որ Մեծ Բրիտանիան կարող է երկարացնել առևտրային համաձայնագիրը ԵՄ երկրների հետ։ Նրանց կարծիքով՝ ֆինանսների նախարարությունը շարունակում է կիրառել վախեցնելու մարտավարությունը, ինչպես արել է հանրաքվեից առաջ։











































