Ինչպես հաղորդում է The New York Post-ը, կինը, որը Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ, բնակարան էր վարձում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների համար նախատեսված շենքում:
Աֆրոամերիկյան ծագմամբ կինը հունվարից իր դստեր հետ ապրել է այդ տանը, ուր թույլ են տալիս բնակվել միայն ՄԻԱՎ-ով հիվանդներին: Harlem United ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, որը կառավարում է այդ շենքերը, այստեղ կարող են բնակարան վարձել միայն նրանք, ում ընտանիքում առնվազն մեկը հիվանդ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով: Առողջ մարդն այստեղ չի կարող տուն վարձել:
Մինչ այդ սպասուհին տուն է վարձել Harlem United-ի մեկ այլ շենքում: The New York Post-ը նշել է, որ բժշկական էթիկայի կանոններից ելնելով` իրենք չեն ցանկացել ճշտել, թե արդյոք 32-ամյա սպասուհին վարակվա՞ծ է եղել այդ ծանր հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են շաբաթ օրը նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: