Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիա այցելող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք գտնվում են ահաբեկչական կազմակերպությունների թիրախում:
Պետդեպարտամենը հայտարարել է, որ այդ կազմակերպությունների թիրախում են գտնվում Եվրոպայի առևտրի կենտրոնները, օդանավակայանները, տրանսպորտային համակարգը, մարզական միջոցառումներն ու հասարակական վայրերը, և իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել նման վայրերում հայտնվելիս:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին նման զգուշացում արել էր մարտի 29-ին: Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Թուրքիայի վտանգավոր նահանգներն են Հաթայը, Քիլիսը, Գազիանթեփը, Շանլըուրֆան, Շըրնաքը, Դիարբեքիրը, Վանը, Սիիրթը, Մուշը, Մարդինը, Բաթմանը, Բինգյոլը, Թունջելին, Հաքքարին, Բիթլիսը և Էլյազըղը:










































