Ճապոնիայի գահաժառանգ, արքայազն Նարուհիտոն և նրա կինը՝ արքայադուստր Մասակոն այսօր նշում են իրենց համատեղ կյանքի 20 տարին: Այս տոնական իրադարձությունը անցկացվում է ամուսնական զույգի՝ Նիդերլանդներ կատարած այցելության ֆոնին, որտեղ նրանք ներկա են գտնվել նոր միապետի երդմնակալության արարողությանը: Առողջության հետ խնդիրներ ունեցող արքայադստեր համար վերջին 11 տարիների ընթացքում դա առաջին արտասահմանյան ուղևորությունն էր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Վերջին 20 տարիների ընթացքում մենք շատ բաների միջով ենք անցել և աջակցել ենք միմյանց»,- ասել է արքայազնը: Ինչ վերաբերում է կնոջ առողջությանը, թագաժառանգն ընդգծել է, որ «նա արդեն ապաքինվում է և աստիճանաբար կարող է վերադառնալ իր պաշտոնական պարտականությունների կատարմանը»: Նշենք, որ արքայադուստր Մասակոն տառապում է նյարդային հիվանդությամբ և արդեն մի քանի տարի է, ինչ բուժման կուրս է անցնում հոգեբանական վերականգնողական կենտրոնում: 2003 թվականից նա հրաժարվել է մասնակցել հանրային միջոցառումներին:
Մասակոյի համար կպչուն միտք էր դարձել որդի ունենալը, քանի որ Ճապոնիայում գործող օրենքների համաձայն՝ գահը կարող է փոխանցվել միայն արական սեռի ներկայացուցչին: Մինչդեռ նրանք միայն մեկ դուստր ունեն՝ 11-ամյա Այկոն, այդ պատճառով էլ պոտենցիալ ժառանգորդ է համարվում թագաժառանգի եղբոր որդին:
2004թ.-ին արքայազնը պալատական շրջապատին մեղադրել է այն բանում, որ նրանք փոձել են թունավորել կնոջը:
Ամուսնական զույգի կյանքում ևս մեկ անհարթ իրադարձություն էր, երբ դպրոցում համադասարանցիները սկսեցին ծաղրել իրենց դստերը՝ Այկոյին: Նա ստիպված էր մեկուկես տարի պարապմունքներին հաճախել ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ: 2011թ.-ին երեխան սկսել է ինքնուրույն հաճախել դպրոց:







































