Հայաստանի խորհրդարանում է հայտնվել ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, որի հեղինակը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է:
Պաշտոնական Երևանը անցնող օրերին գործնականում ցույց է տվել, որ չի պատրաստվում հանդես գալ այդպիսի քայլով: Ավելին՝ Հայաստանի իշխանությունը կարծես թե աստիճանաբար գալիս է Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումների կամ վարքի, այսպես ասած, նախկին ռեժիմին, որ կար մինչև քառօրյա պատերազմը:
Քառօրյա պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանական դիրքորոշումները ոչ կտրուկ, ոչ արմատապես, սակայն նշանակալիորեն փոխվեցին: Ի հայտ եկավ հռետորաբանության որոշակի խստացում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, և ընդհանրապես՝ այդ օրերին Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը՝ սկսած Սերժ Սարգսյանից, չի հիշատակել Ռուսաստանի անունը, դաշնակից ունենալու հանգամանքը:
Սա կամ պայմանավորված էր նրանով, որ իշխանությունը հիասթափվել էր ՌԴ պահվածքից, ինչը հավանական էր՝ նկատի ունենալով այն, որ հետո պարզվեց՝ Ռուսաստանը նույնիսկ զենքը չի տվել Հայաստանին, կամ էլ Մոսկվան էր հորդորել Հայաստանին չշոշափել դաշնակցային թեման, քանի որ Կրեմլը մտադիր չէ խառնվել և գնալ Ադրբեջանի դեմ:
Այսպես, թե այնպես, բայց հայաստանյան իշխանական պահվածքում փոփոխությունն ակնհայտ էր, թեև մյուս կողմից՝ ստեղծված վիճակում ուղղակի զարմանալի կլիներ այդ փոփոխության բացակայությունը, և դա որևէ կերպ չէր կարող տեղավորվել բանականության և բարոյականության սահմանում: Առավել քան ընդգծված էին Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա, այնտեղ Ռուսաստանի հասցեին արված ակնարկները:
Սակայն կրակի դադարեցումից հետո Հայաստանի իշխանությունը կարծես թե կամաց-կամաց վերադառնում է նախկին, այսպես ասած՝ սեպտեմբերերեքյան ելման դիրքին: Կա՛մ ստացվել են սպառնալիքներ, կա՛մ լուծվել են ինչ-որ հարցեր՝ ոչ պետական, այլ անձնային կամ խմբակային, կա՛մ էլ Հայաստանի իշխանությունն ավելիին ունակ չէ, և, այսպես ասած, սպառվել է կամքի և համարձակության պաշարը:
Մոտ ապագայում հավանաբար ավելի պարզ կլինի, թե ինչ է կատարվում: Սակայն այսօր ավելի կարևոր է, թե հայ-ռուսական հարաբերության և Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահվածքի ընկալման առումով ինչ է կատարվում Հայաստանի հասարակական շրջանակներում: Վերջիվերջո՝ պետք է խոստովանել, որ քաղաքական և առավել ևս իշխանական հարթությունում եղածի հողը մեծ հաշվով հասարակական մտայնություններն ու վերաբերմունքն են: Եվ քաղաքական հարթության վրա փոփոխության հասնելու համար պետք է փոփոխության հասնել հենց այստեղ:
Այս իմաստով շատ կարևոր է, թե խնդրո առարկայով շահագրգռված քաղաքական սուբյեկտները ինչ քայլեր են պատկերացնում և ինչ կարող են անել հենց այս հարթության վրա փոփոխություններ արձանագրելու համար: Այսինքն՝ այսօր աշխատանքի գլխավոր թիրախը պետք է լինի հանրային շերտը, իսկ մնացյալ հարթակները, իհարկե, կարող են լինել այդ խնդրի սպասարկման մարտավարական հանգրվաններ:
Խորհրդարանում ԵՏՄ հարցի քննարկումը պետք է դիտարկել այդ տեսանկյունից, հետևաբար դրա արդյունավետությունը պետք է չափել ոչ թե խորհրդարանում, այլ դրա պատերից դուրս՝ Հայաստանի հասարակական շրջանակներում: Այստեղ է, որ պետք է ամբարվի Հայաստանի ինքնիշխանության ռեսուրսը:










































