Երկրների կառավարություններն ու հասարակությունը պետք է դիմակայեն ատելության դրսևորումներին և բռնության հրահրմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով միջոցառմանը, որը նվիրված է եղել Ռուանդայի Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ Ցեղասպանության վտանգի մասին նախազգուշացնող գլխավոր նշաններից մեկը թշնամության լեզուն է հանրային քննարկումներում և ԶԼՄ-ներում։ «Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհի ոչ մի տարածաշրջան պաշտպանված չէ դրանից»,- ասել է Պան Գի Մունը։ «Ամեն օր ցանվում են ապագա արյունահեղությունների ու ցեղասպանությունների սերմեր»,- նախազգուշացրել է գլխավոր քարտուղարը։
Նա կառավարություններին ու քաղաքացիներին կոչ է արել համատեղ ջանքերով խրախուսել ներգրավվածությունը, երկխոսությունն ու օրենքի գերակայությունը՝ ստեղծելու համար խաղաղ և արդար հասարակություն։









































