Ռուսաստանի Տվեր քաղաքում հայ պատանի ձյուդոյիստներն ավարտել են Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկության շրջանակներում իրենց մրցելույթները:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 3-ին մրցագորգ են դուրս եկել Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 73 կգ, 81 կգ, 90 կգ եւ 90+ կգ քաշային մարզիկները:
73 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանը, երկու ցավալի պարտություն կրելով, դուրս է մնացել հետագա պայքարից: Առաջին իսկ գոտեմարտում պարտություն է կրել նաև 90 կգ քաշային Արման Փանչուլազյանը: Նույն քաշային կարգում իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են սկսել Արման Ասլանյանը և Արման Ավանեսյանը, սակայն երկու ձյուդոյիստներն էլ հաջորդ իսկ գոտեմարտում պարտություն են կրել:
90+ կգ քաշային Սահակ Գինոսյանը ևս պարտություն է կրել հենց առաջին իսկ գոտեմարտում՝ դուրս մնալով մրցաշարից: Հայաստանի՝ Տվերում գրանցած լավագույն արդյունքը ապրիլի 2-ին ապահովել էր 50 կգ քաշային ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն հռչակվելով:








































